Նորություններ

Հայտնաբերվել է 1600 տարվա աստվածաշնչյան խճանկար

Ուշագրավ 2019-07-11

Իսրայելի հարավում գտնվող Հուքոկ հրեական գյուղի 5-րդ դարի սինագոգում հայտնաբերվել է 1600 տարվա աստվածաշնչյան խճանկար, որում պատկերված է Հին կտակարանի երկրորդ՝ Ելից գրքից տեսարաններից մեկը։ Հնագույն Հուքոկ հնավայրում պեղումներ են իրականացվում արդեն 9 տարի շարունակ: Առաջին խճանկարներն այստեղ հայտնաբերվել են 2012թ.-ին: 2014-2017թթ.-ին հնագետները հայտնաբերել էին Նոյի տապանը, Կարմիր ծովի բաժանվելը, Բաբելոնի աշտարակը, Հովնան մարգարեին և ձկանը պատկերող և մի շարք այլ հետաքրքրական խճանկարներ: Ըստ հնագետների՝ խճանկարների առատությունն ապացուցում է, որ շրջակա բնակավայրերում հրեաների կյանքը 5-րդ դարում՝ քրիստոնեական կրոնի գերիշխանության շրջանում, ծաղկում է ապրել: «Մեր աշխատանքը լույս է սփռում մի ժամանակաշրջանի վրա, որում հուդայականության վերաբերյալ միակ գրավոր աղբյուրները րաբբիական գրականությունը և վաղ քրիստոնեական գրականության մեջ եղած հղումներն են, հետևաբար հնագիտությունը լրացնում է 4-5-րդ դարերում հուդայականության մասին տեղեկությունները: Այս բացահայտումները ցույց են տալիս, որ այդ կրոնը շարունակել է դինամիկ կերպով գոյատևել Երուսաղեմի երկրորդ տաճարի ավիրումից հետո»,- նշել է պեղումների ղեկավար, ԱՄՆ Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնական Ջոդի Մագնեսը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: