Նորություններ

«Աշխատանքային ռեզերվներ» կազմակերպության հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառում

Սպորտ 2013-11-04

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը հանրապետության մի շարք վաստակաշատ մարզիչներ այսօր` նոյեմբերի 4-ին, արժանացել են պատվոգրերի և հուշամեդալների:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ով, մասնավորապես, կարևորել է մանկապատանեկան սպորտի մասսայականացման,  առողջ ապրելակերպի զարգացման, ինչպես նաև երիտասարդության շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության առաջացման գործում «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության ցուցաբերած մեծ ավանդը:
 
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանով մատաղ սերնդի կրթության, ֆիզիկական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ` կազմակերպության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» և նախարարության պատվոգրով:
 
Նշենք, որ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական-հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1943թ.՝ երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին՝ նպատակ ունենալով նպաստել մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության և հայրենական սպորտի զարգացման գործին: «Աշխատանքային ռեզերվներն» իր գործունեության 70 տարվա ընթացքում օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների պատրաստման յուրօրինակ դարբնոց է եղել: Կենտրոնի սաները կարողացել են արժանիորեն ներկայացնել Հայաստանը ու հայ ժողովրդին` նախկին միութենական, ինչպես նաև համահայկական և միջազգային ամենահեղինակավոր սպորտային մրցումներում:
 
«Աշխատանքային ռեզերվները» ՄՀԿ-ն  հայկական սպորտին տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են  բռնցքամարտիկներ Վլադիմիր Ենգիբարյանը, Դավիթ Թորոսյանը, Սուրեն Ղազարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Մեխակ Ղազարյանը, մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը, հեծանվորդ Օլեգ Կլևցովը, ըմբիշներ Մանվել Ապիկյանը, Մխիթար Մանուկյանը, Դավիթ Սաֆարյանը և ուրիշներ:
 
Կազմակերպության մեծանուն մարզիչներից կարելի է հիշել Էդուարդ Արիստակեսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Վոլտեր Աթանեսյանին, Ռուդոլֆ Կարապետյանին, Ավետիք Կատյանին, Ռաֆայել Մեհրաբյանին, Յուրա Կարապետյանին, Վազգեն Բադալյանին, Դերենիկ Գաբրիելյանին և շատ ուրիշների:
 
Աղբյուրը` www.edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: