Նորություններ

Դասասենյակների անվանակոչում

Կրթական 2019-05-08

Դասասենյակների անվանակոչում ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանյանի և երգի մեծ արքա Կոմիտասի անուններով 2019թ. ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ « Գործն է անմահ…» խորագրով՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանյանի և Հայ երգի արքա Կոմիտասի հոբելյանական 150-ամյակին: Հայոց մեծերի շունչն ու հոգին էր թևածում դպրոցում: Ամեն ինչ թումանյանական էր՝ պարզ, հյուրասեր և մարդամոտ՝ Կոմիտասի երգերի ախորժալուր հնչյուններով ողողված: Թումանյանական հայրենասիրություն, թումանյանական մարդասիրություն և լավատեսություն` ազգային մաքրամաքուր երգերի ներքո: Հնչում են երգեր Թումանյանի բառերով, բանաստեղծություններ, քառյակներ, հատվածներ պոեմներից: Հանդիսավար Անահիտ Տեր-Գրիգորյանը ըստ դասարանների ներկայացնում է կատարումները: Բեմականացվում են «Գիքորը», «Նեսոյի քարաբաղնիսը» պատմվածքները, «Բարեկենդանը» և «Անբան Հուռին» հեքիաթները, Լճաշենի բարբառով 5-րդԱ դասարանի աշակերտ Սպարտակ Պետրոսյանն առանձնակի սիրով ներկայացնում է «Ոսկու կարասը» հեքիաթը, տիկնիկային թատրոնը /ղեկավար՝ Հ.Առաքելյան/ բեմականացնում է «Անխելք մարդը» հեքիաթը: Դպրոցի «Մանկունք» երգչախումբը /ղեկավար՝ Ք.Քոչարյան/ կատարեց Կոմիտասի «Սոնա յար», «Երկինքն ամպելա» երգերը, իսկ «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը /ղեկավար՝ Մ.Վարդանյան/ կատարեց հատված «Անուշ» օպերայից «Ամպի տակից …»: Դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանն իր խոսքում ներկայացնում է Թումանյան մարդու, գրողի և հասարակական գործչի կերպարը: Թումանյանը ժողովրդական հանճարի փայլատակումն է: Ծնվելով հողից, ունենալով լեռնեցու մեծ սիրտ ու պայծառ երևակայություն՝ նա իր ստեղծագործության մեջ խտացրեց ժողովրդի ազգային նկարագիրը, նրա ճակատագիրը և պատմական գոյատևման վիթխարի ուժը: Դպրոցի 1-12-րդ դասարանի աշակերտները, Հովհ.Թումանյանի ծննդյան 150ամյակին նվիրված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 12-րդ մրցույթ-փառատոնի տարածքային փուլի հաղթող, «Հայ գրականություն» և ՀԵՊ առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլի Iկարգի դիպլոմի մրցանակակիր Նարե Խանդանյանը սահուն ներկայացրին անմահ լոռեցու և երգի մեծ արքայի կյանքը, ստեղծագործական ուղին ու գողտրիկ գործերը: - Եվ Թումանյանն է մեր բանաստեղծներից ավելի հայոցը, ամենից ավելի բնաշխարհիկը,- հնչում է Պ.Սևակի բնորոշումը: Մեծերի կյանքը նրանց գրքերում է, նրանց պատգամներում, նրանց գործերում: Նրանք սերունդներին դաստիարակում են իրենց լուռ, բայց և միաժամանակ, խոսուն ներկայությամբ: Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշումներով դասասենյակներ անվանակոչվեցին հայ ժողովրդի երկու լավագույն զավակների անուններով: 6-րդԱ դասարանը հետայսու կոչվելու է Անմահ լոռեցու, իսկ 7-րդԲ դասարանը՝ Մեծ երգահանի անունով: Օրվա առիթով բարեմաղթանքի խոսքեր հղեցին Լճաշեն համայնքի ղեկավար Կ.Մարգարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կ.Զազյանը, գրողների միության Գեղարքունիքի մարզի բաժանմունքի նախագահ, ,,Հայաստան,, թերթի գլխավոր խմբագիր Տ.Նիկողոսյանը, Մահապարտների գնդի նվիրյալ, Արցախյան ազատամարտի մասնակից Ս.Մաթևոսյանը և դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Լ.Հովհաննիսյանը:

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: