Նորություններ

Տեղի կունենա «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի ամփոփման երկրորդ փուլը

Ուշագրավ 2013-02-07

Ս.թ. փետրվարի 8-ին` ժամը 14:00-ին, Կրթության ազգային ինստիտուտի (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 67 շենք) հանդիպումների սրահում տեղի կունենա «Dasaran.am» կրթական ծրագրի և ՀՀ ԿԳ նախարարության կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի ամփոփման երկրորդ փուլը և հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան Երևանի ավագ և ՀՀ մարզերի այն դպրոցների անունները, որոնց աշխատանքները հայտվել են լավագույնների թվում:

Մրցույթը հայտարարվել էր «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 487 դպրոցների շրջանակում, որոնցից մասնակցել էին 168 դպրոցներ` ներկայացնելով դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորման աշխատանքներ: Այդ նպատակով ձևավորվել էին դպրոցական խմբեր`բաղկացած աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից, ովքեր լուսանկարել են իրենց աշխատանքներն ու տեղադրել լուսանկարները Dasaran.am կայքում` այդպիսով ներկայացնելով իրենց ստեղծագործությունները հանրության դատին: Նշենք, որ  մրցույթի ամփոփման ընթացքում հատուկ կարևորվել է խմբային աշխատանքը, մասնավորապես` աշակերտների կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները:

Մրցույթի ամփոփմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:
 
Մրցույթին լավագույն աշխատանքներ ներկայացրած 3 դպրոցներ կպարգևատրվեն համակարգչով, իսկ յուրօրինակ ձևավորմամբ հանդես եկած 4 դպրոցներ կստանան գրադարան: Համակարգիչ կստանա նաև այն դպրոցը, որը Dasaran.am-ում անցկացված քվեարկության ընթացքում հավաքել է առավելագույն թվով ձայներ:
 
Տեղեկացնենք նաև, որ հունվարի 23-ին տեղի ունեցավ վերոնշյալ մրցույթի ամփոփման առաջին փուլը, որի արդյունքում Երևանի  թիվ 169 և 90 դպրոցները ճանաչվեցին մրցույթի հաղթող` ստանալով համակարգիչ, իսկ թիվ 128 և 121 դպրոցներն իրենց ներկայացրած յուրօրինակ աշխատանքների համար ստացան գրադարան: Նշենք, որ ևս 11 դպրոցներ ստացան պատվոգրեր Երևանի քաղաքապետարանի և «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից:
 
Հիշեցնենք, որ Dasaran.am-ն արդեն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 502-ը` այս պահին ունենալով ավելի քան 450.264 գրանցված բաժանորդ (աշակերտներ և ծնողներ), 502 տնօրեններ և 20.256 ուսուցիչներ: Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: