Նորություններ

ՆՈՐԻՑ ՍԵՎԱԿԻ ՀԵՏ

Կրթական 2019-04-19

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում հերթական միջոցառումն էր՝ նվիրված Պ.Սևակի ծննդյան 95-ամյակին, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Ալեքսանյանը: Ներկա էին սևակասեր ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր: Պաստառին Սևակի մեծադիր նկարն էր՝ նրա իմաստուն մտքերից մեկի վերտառությամբ. «ՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ԵՏ ՉՆԱՅԵԼ, ՈՎ ԱՆՑՅԱԼ ՈՒՆԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ»: Ուսուցչուհին ընտրել էր հատկապես «Մարդն ափի մեջ» ժողովածուն, որի մեջ ամբողջ ուժով հնչում է հեղինակի բուռն, փոթորկալի կրքերով, մեծ սիրով ու ատելությամբ լի ձայնը, որի արտահայտած գաղափարը անչափ անհրաժեշտ բալասան է մեր հասարակության, մեր սերունդների մեջ առողջ հոգեբանություն սերմանելու նպատակով: Այդ ամենի հետ մեկտեղ ուսուցչուհին, վարպետորեն թափանցելով Սևակի կյանքի և գրական գործունեության «նուրբ ծալքերը», ունկնդիրներին հրամցրեց չբացահայտված դրվագներ՝ սկսած մանկությունից մինչ մարդկային հզոր, կամային, անհաշտ բնավորությունը, մինչև աշխարհիկ մարդու թուլությունները. «Աներկյուղ, աննահանջ բնավորություն էր, գուցե նույնիսկ կռվարա՜ր, նախահարձակ…Միայն երկու վախ, ավելին, սարսափ ուներ այդ աներկյուղ բնավորությունը. մեկը բանսարկությունն էր, մյուսը՝ …սրսկվելը: Երեխայի պես վախենում էր և զուր չէր վախենում եզան տակ հորթ որոնողից, լուն ուղտ դարձնողից, բամբասողից, բանսարկուից, մատնիչից: Վախենում էր, ինչպես սատանայից և զարմանում երեխայի պես. «Ա՛յ տղա, էդպես մարդիկ ո՞նց են ապրում…» Ուսուցչուհու համոզիչ խոսքը շարունակում, հաստատում էր Սևակի դերակատարը՝ իր բնական, հուզառատ ձայնով: Ընթացքում պաստառին մեկը մյուսին հաջորդում էին հեղինակի լուսանկարները, կենդանի ձայնը, հուղարկավորության տեսարանները: Ցուցադրվեցին Սևակի «Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգի տեսահոլովակը, «Միներալ» համույթի կատարմամբ՝ «Բարի ճանապարհ», «Երգող նյութը» տեքստերի հիման վրա գրված երգերը: Միջոցառման ընթացքում ուսուցչի ամեն մի վերլուծությանը հաջորդում էր աշակերտների համապատասխան ասմունքը, համեմվում Սևակի մտերիմ ընկերոջ՝ Վ.Բաբայանի հետաքրքիր, զավեշտալի հուշերով: Վերջին աշակերտուհին հուզմունքով արտասանեց «Սևակի շիրմաքարի մոտ» բանաստեղծությունը. Դու այն վարդերը, որ մեզ ես տվել.... Միջոցառման ավարտին ուսուցչուհին ամփոփեց խոսքը՝ հավելելով. -Առիթից օգտվելով պետք է նշեմ, որ ես էլ եմ այն երջանիկներից, ովքեր բախտ են ունեցել հանդիպելու Պ.Սևակին 1970թ., երբ Ջերմուկում կայացավ Սյունիքի գրողների հավաքը: Դեռ ականջներումս հնչում է մեծ հանճարի խիստ, հզոր, համոզիչ խոսքը հայ մշակույթի, պոեզիայի մնայուն արժեքների մասին: Սևակը այն հազվագյուտներից է, որի անունը մեկընդմիշտ մնալու է բոլոր ժամանակների սերունդների սրտերում, որովհետև մարդկային այն բոլոր արատները, որ ժխտում, մերժում է նա, ոչ միայն ազգային, այլև համամարդկային են: Ինչպես Նարեկացին, այնպես էլ Սևակը, մերժելով մարդկային արատները, ձգտում է մարդկայինի կատարելությանը, տեսնել մարդուն կատարյալ: Նա մեկն էր իր իսկ երգած «մեծերից», ովքեր «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին» և «նոր օրենք, կարգ սահմանում», գեղարվեստական նոր հորիզոններ բացում, հայրենի մշակույթի զարգացմանը նոր ընթացք տալիս...

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: