Մրցույթներ

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Սյուզաննա Բարսեղյան
Դպրոց՝ ք. Երևանի թիվ 126 հմ/դ

Դասարան՝ 9-ա
Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է
Մարդու կյանքում միշտ լինում է շրջադարձային պահ,երբ հանդիպում ես մեկին ,որը փոխում է քո կյանքը ամբողջովին:Ինձ համար դա իմ ուսուցիչն է:Իսկ ամեն բան սկսվեց այսպես: Քսան աշակերտից բաղկացած մեր դասարանը դարձել է ամուր ամբողջություն:Մեկը ապրում է մյուսի հոգսով,յուրաքանչյուրի ուրախությունը բոլորինն է:Սակաըն մեր դասարանում կա մեկը,որի աչքերը միշտ տխուր են,որովհետև ունի հիվանդ մայր,որը պայքարում է մահվան դեմ:Մենք գիտենք դա,սակայն ընդգծված վերաբերմունք ցույց չենք տալիս,որպեսզի նա ավելի վատ չզգա: Գրականության դասն է:Ուսուցչուհին ներկայացրեց թեման.Հովհաննես Շիրազի << Մայրս>> բանաստեղծությունը:Ասաց դասի վերնագիրն ու կարկամեց:Մի պահ լռելուց հետո մի փոքր խզված ձայնով ասաց,որ խոսելու ենք բարության մասին:Նա ոչ ոքի չէր նայում:<<Բայց ինչու չենք կարդում<<Մայրս>>բանաստեղծությունը>>,-անցավ մտքովս:Հայացքս կանգ առավ տղայի վրա:<<Մայրը,մայրը հիվանդ է:Ահա ինչու լռեց ուսուցչուհին>>,-դարձյալ մտածեցի ես: Սկսվեց դասը:Խոսում էին կյանքի և՛լավ,և՛վատ կողմերի մասին:Փորձում էինք հասկանալ ուսուցչուհու զգույշ տված հարցը,ընկալել մեր մեջ կուտակված զգացմունքները և զրուցել բարության մասին,բարություն,որը այդ պահին խտացել էր մեր աչքերում: Հանկարծ խոսեց նաև տղան: -Բարությունը ունի անուն`մայր,հայր,քույր,եղբայր,հայրենիք,-ասաց նա: Սիրտս փլվեց տխրությունից.նոր միայն հասկացա,թե ինչու ուսուցչուհին սկսեց բարությունից: Դասարանը կլանեց տղային,տարավ իր հետևից,մոռացավ մի պահ ցավը,և մի մեծ գաղափար`<<բարություն>> անունով ,դարձավ իշխող:Հետո ուսուցչուհին բարության հերոսը դարձրեց մորը,և մենք կարդացինք<<Մայրս>> բանաստեղծությունը. Մայրս փոքրիկ,մայրս խեղճ, Մայրս մի մայր հասարակ, Մայրս մի բուռ տիեզերքի մեջ Գիշեր ու զօր արեգակ: (Հ. Շիրազ) Դասը շարունակվեց,մոռացվեց թախիծը,և մեր առջև կանգնեց պարզ,հասարակ,միշտ ապրող մոր կերպարը: <<Շնորհակալ եմ Ձեզ,ուսուցի՛չ,շնորհակալ եմ,որ տղան մի պահ մոռացավ ծանր ցավը և տեսավ լույս իր հոգում>>,-շշնջացի ես՝ հայացքս ուղղելով ուսուցչիս:Ինչ- որ տաք թախիծ կար հայացքում ,սակայն շուրթերը վեհացնում էին մորը: Ես այդ պահին երդվեցի,որ բարի աչքերով կնայեմ շուրջս,կտեսնեմ հոգսը մարդկանց հայացքում,կփորձեմ մեղմել այդ հոգսը:Ուսուցիչս եղավ այն անձը,որը փոխեց կյանքիս ուղին:Ժամանակը քայլում է,քայլում է երբեմն դանդաղ,երբեմն արագ,իսկ այդ ժամանակի քայլքի մեջ ես իմ տեղն ունեմ:Ժամանակի ընթացքի մեջ ես իմ կյանքն եմ կառուցում,փորձում եմ չսայթաքել:Եթե սխալվեմ,ժամանակը ինձ չի ների: Ես գնում եմ կյանքի ճանապարհով՝ինձ հետ տանելով ուսուցչիս խրատը.ձեռք մեկնել ընկածին,ցավել վատի համար,պայքարել անարդարության դեմ,տեսնել աղքատին և օգնել նրան,հավատացնել սայլակի մեջ նստածին,որ կքայլի: Այսպես եմ քայլում և հավատում եմ իմ ուսուցչին: