Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է
Կեսօր է: Աշնանային արևը դուրեկան տաքացնում է ու պայծառ ժպտում՝ կապույտին խառնված՝ նման ուսուցչուհուս կապույտ արևոտ աչքերին: Նա հիսունն անց կին է՝ սպիտակ ու փափուկ , կիսախինդ, բարի ժպիտով:
Դպրոցի բակում հետզհետե նոսրանում են աշակերտների խմբերը, մարում ՝ եռուզեռը, շուրջը դատարկվում է: Ես եմ և ուսուցչուհիս:
Մայրս աշխատանքից ուշ է վերադառնում , իսկ ես խելոք ու կարգապահ երեխա եմ.համբերատար սպասում եմ: Ուսուցչուհիս իր տաքուկ ձեռքերի մեջ է առնում իմ փոքրիկ վախվորած ձեռքերը, հուսադրող ժպտում.
_ Քիչ մնաց, Ալչկա՛ ջան, արդեն ժամը չորսն է, ուր որ է մայրդ կգա:
Ու մենք քայլում ենք պուրակով դեպի մոտակա խաչմերուկը: Ճանապարհին կրպակ կա, իսկ անկյունում՝ իր մշտական տեղում, արևի տակ տաքանում է ծեր պապիկը: Մենք կրպակից բուլկիներ ենք գնում: Ես վազելով բուլկիներից մեկը տալիս եմ պապիկին / ո՜նց եմ սիրում այդ պահը/: Նա մեղավոր ժպիտով վերցնում է. աչքերում անսահման թախիծ կա ու տխրություն: Ետևիցս այնքան մաղթանքներ եմ լսում, որ ամաչում եմ իմ տվածից...
Հետո նստում ենք մոտակա նստարանին, ու ես սկսում եմ բուլկիս վայելել...
Ես փոքր եմ. շուրջս աշխարհը լուսերես է, մարդիկ բարի են, երկինքն անխռով է:
Համարյա վազելով՝ շնչակտուր գալիս է մայրիկս, ներողություններ խնդրելով մեղավոր դեմքով ինձ տուն է տանում:
Հիշողությանս ծալքերից դուրս է մղվում լուսավոր մանկությանս այս փոքրիկ դրվագը: Տարիներ առաջ էր... Դա այ ժամանակ էր, երբ ես ուզում էի շուտ մեծանալ, մենակ դպրոց գնալ, փողոցը մենակ անցնել, դպրոցից մենակ վերադառնալ... Բայց չէր կարելի:
Ու մեծացա.... Փոշմանել եմ... Ինչ՞ու էի ուզում շուտ մեծանալ. այդ ի՞նչ ցանկություն է պատում բոլոր փոքրերին:
Հիմա ես մենակ կարող եմ նույնիսկ ավտոբուս նստել ու դպրոց գնալ: Բայց ոնց եմ կարոտում այն աշնանային օրերը, ուսուցչուհուս կապույտ ու պայծառ աչքերը, փողոցում նստած ծեր պապիկին... Ինչու՞ եմ կարոտում, ի՞նչ չկա հիմա, որ կար այն ժամանակ: Եվ հասկանում եմ, որ իմ փոքրիկ մանկության ուսուցչուհիս չկա, նրա արևային հայացքն ու ժպիտը չկա, սրտիս թաքուն անկյունում պահված նրա ջերմությունը չկա:
Սիրելի՛ ընկեր Մանուկյան, ոնց կուցենայի նորից բռնել քո ձեռքը ու քայլել նույն արևոտ պուրակով:
Այս պահին արցունքները հոսում են իմ աչքերից: Գուցե դա այն բարությունն է, որ ամեն օր կաթիլ առ կաթիլ կուտակել ես իմ մեջ, սիրելի՛ ուսուցչուհի: Դու ինձ ավելորդ բառեր չէիր ասում, դու ինձ ոչինչ չէիր պարտադրում, դու ինձ ընդամենը մի փոքրիկ բարության դաս էիր տալիս, ամենակարևոր դասը ամբողջ մարդկության համար...
Ես այդպես էլ չհասկացա, թե ե՞րբ և ո՞ր պահին այլևս անէացավ ծեր պապիկը: Նա կարծես հալվեց ու ձուլվեց մեռնող բնությանը: Ձմեռը եկավ, և ես այլևս նրան չտեսա...
Իսկ ինչպես՞ ես դու, սիրելի՛ ուսուցչուհի:
Մեծացա, փոխեցի դպրոցս, բայց քո լուսավոր ժպիտը չմոռացա: Ուր էլ լինես, քեզ առողջություն եմ ցանկանում, պայծառ արև եմ ցանկանում քո կապույտ, անհատակ ու գորովագութ աչքերի համար: