Մրցույթներ

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Տաթևիկ Սարդարյան
Դպրոց՝ ք. Նոր Հաճնի ա/դ

Դասարան՝ 12-2 Ֆիզմաթ
Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է
Ես ինձ համարում եմ արդեն կայացած պարուհի, ով իր կյանքում հասած բոլոր հաջողությունների համար պարտական է միայն իր ուսուցչին, ով առանց որևէ բան խնայելու օգնել և ոգեշնչել է իր աշակերտին: Նա միակն էր, ով հավատաց իմ ուժերին ինձնից առավել և ստիպեց որ ես էլ դրան հավատամ: Երբ ես մոլորվում եմ պարային շարժումներում և միաձուլվում երաժշտության ելևեջների հետ, բոլորն ինձ խելագար են անվանում, սակայն ամեն անգամ, երբ վիրավորվում եմ և դադարում պարել,միայն ուսուցիչս է, որ ինձ դուրս է հանում ընկճվածության միջից և ստիպում առաջ նայել՝ առանց լսելու ուրիշների անհիմն ծաղրանքները, որոնք դրսևորվում են նախանձի արդյունքում: Երբ ես ճախրում եմ երկնքով, ստեղծում եմ իմ մոլորակը, որտեղ ոչ ոք չի կարող մուտք գործել: Ես դուրս եմ գալիս տիեզերք և, հատելով բոլոր անթույլատրելի եզրագծերը, հասնում իմ մոլորակին, որտեղ ամեն բան պարում է: Եվ այդ անթույլատրելի եզրագծերն հատելու արդյունքում ես շատ խիստ պատժվեցի՝ դառնալով թևահար թռչնակ, ով էլ երբեք չի կարողանա թռչել իր մոլորակ, առանձնանալ բոլորից և զգալ իրեն պարող թռչուն: Ուսուցիչս հաճախ էր կրկնում. -Շատ մի բարձրացիր, ընկնելը ցավոտ կլինի, և էլ երբեք չենք կարողանա այդ ցավը մեղմել: Այս խոսքերը ես միշտ հասկանում էի ուղիղ իմաստով, սակայն այն ավելի խոր իմաստ ուներ: Ինչևէ, ես հասա այդ անհաս թվացող բարձունքին և վայր ընկա: Համոզվեցի: Ցավոտ էր: Միաժամանակ ցավում էր ամեն ինչ՝ հոգիս, սիրտս, մարմինս,սակայն ոտքերս, որ պետք է արտահայտեին իրենց ամենաուժգին ցավը, կորել էին: Ես դրանք չէի զգում, չէի հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ: Սակայն չէի լալիս: Այդ տոկունությունն էլ իմ մեջ սերմանել էր ուսուցիչս: Բայց լալիս էի հոգով, քանի որ աստիճանաբար հասկանում էի՝ ինչ է կատարվում ինձ հետ: Հասկանում էի, որ ուսուցչիս արցունքները հաստատ ուրախությունից չէին: Այո, նա լալիս էր, լալիս էր և ինձ վերաբերվում իր երեխայի նման: Նա, որ միշտ ինձ ասում էր,որ երբեք չլացեմ ոչ մի պարագայում, նա էր լալիս. հավանաբար կորուստը մեծ էր: Իսկ ծնողներս… Նրանք ամեն ինչում մեղադրում էին միայն ուսուցչիս, և իրենց չարացած հայացքներն ուղղում դեպի նրան: Իսկ բժիշկներն անընդհատ մտնում և դուրս էին գալիս:Սկզբում մի բժիշկ էր գալիս, հետո մեկ այլ մասնագետ էր մտնում, հետո՝ մեկ ուրիշը, և այդպես շարունակ:Ես հասկացել էի, որ հավերժ զրկվել եմ քայլելու ունակությունից, սակայն չէի արտահայտվում: Երբ ինձ տեղափոխեցին տուն, ուսուցիչս ամեն օր այցելում էր ինձ և զանգահարում օրական մի քանի անգամ: Նա էլ էր մտածում, որ միակ մեղավորն ինքն է, և ամաչելով էր նայում իմ աչքերին: Բայց այդ ժամանակ էլ նա չէր դադարում ինձ խրատել և ոգեշնչել: Նա հույս էր ներշնչում ինձ, որ կարող եմ կանգնել: Եվ միայն նրա ոգեշնչումների արդյունքում ես կարողացա այդ անել: Երբ սովորականի նման ուսուցչիս հետ դիտում էինք պարային հաղորդում, հանկարծ հնչեց մի երաժշտություն, որի ուղեկցությամբ ես այս ամիս պետք է մասնակցեի մրցույթի: Իմ աչքերից ակամա հոսեցին արցունքները, և ուսուցչիս շուրթերից հնչեցին հետևյալ խոսքերը. Ամեն մարդ ունի իր ճակատագիրը, և ունակ է այն փոխել միայն այն դեպքում, երբ հավատում է Աստծուն, հավատում է իր ուժերին և իր ամենահարազատ մարդուն: Եթե դու ինձ իրոք համարում ես քո ամենահարազատ մարդը, ապա կանգնի՛ր և քայլի՛ր: Ես չէի հասկանում, թե ինչ էր ինձ հետ կատարվում այդ վայրկյանների ընթացքում: Նրան հաջողվեց, նա կարողացավ ինձ առողջացնել: Մենք հաղթեցինք, և այդ հաղթանակը մերն էր: Երբ ես կանգնեցի, նա վազեց ինձ մոտ, գրկեց և, արցունքները հազիվ զսպելով արտաբերեց հետևյալ խոսքերը: -Փաստորեն դու ինձ համարում ես քո ամենահարազատ մարդը, ուրեմն իմացի՛ր,որ ես քո երկրորդ ծնողն եմ, քեզ կօգնեմ ամեն հարցում, չէ՞ որ մենք միասին շատ հաղթանակներ ենք ունեցել,և դու քո առաջին քայլերն ինձ հետ ես կատարել: Իմ երջանկությանը չափ և սահման չկար: Նա արտասանեց այն խոսքերը, որոնց համար ես երկար եմ պայքարել:Նա ինձ համար միայն ուսուցիչ չէ, նա ինձ համար երկրորդ ծնող է և ոգեշնչման աղբյուր: Շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ինձ տարան հենց նրա մոտ, և ես իմ առաջին քայլերը սկսեցի նրա ձեռքից բռնած: Ես նույնպես միշտ կլինեմ ուսուցչիս կողքին և երբեք նրան հուսախաբ չեմ անի: Չէ՞ որ երբ առաջին անգամ պարտվեցի, նա ինձ հուսադրեց, առաջին հաղթանակս նա շնորհավորեց, և առաջին հիասթափությունն էլ նա մեղմեց: Շնորհակալ եմ ուսուցիչ: Շնորհակալ եմ, որ դու կաս, ամեն հարցում ինձ օգնում և ոգեշնչում ես: Ես երբեք քեզ չեմ մոռանա: