Մրցույթներ

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Անի Ամիրաղյան
Դպրոց՝ ք. Նոյեմբերյանի թիվ 1 ա/դ

Դասարան՝ 12-բն
Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է
Ես Անի Ամիրաղյանն եմ: Անունս և ազգանունս իհարկե ձեզ ոչինչ չեն ասում, բայց ես կասեմ ավելին, ես բախտավոր մարդ եմ, երջանիկ աստղի տակ եմ ծնվել: Չզարմանաք. ոչ՛ նախնիներիցս ժառանգություն եմ ստացել, ոչ՛ էլ ստանալու ակնկալիքներ ունեմ, և առհասարակ նյութականն ինձ ամենևին էլ չի հետաքրքրում: Բայց ես ունեմ ծնողներ, ովքեր ինձ համար և՛ կյանքի ուղեկից են, և՛ ուսուցիչ են, միաժամանակ նաև ոգեշնչման աղբյուր: Ուզում եմ նշել հատկապես հայրիկիս: Նա դպրոցում աշխատում է որպես ռազմագիտության ուսուցիչ, բայց երեխաները նրան ճանաչում են որպես շատ բանիմաց, բազմակողմանի զարգացած և համամարդկային արժեքները գնահատող մարդու: Նրա բոլոր արժանիքները դրսևորվում են այն ժամանակ,երբ սեղանների շուրջ խմբված երեխաները համակ ուշադրությամբ լսում են <<Ինչ, որտեղ, երբ>> ինտելեկտուալ խաղի հարցերը: Յուրաքանչյուր հարցի պատասխանը մեկանաբանելու ժամանակ նա այնպես հանգամանալից է բացատրում և ներկայացնում փաստերն ու իրադարձությունները, որ ակամայից թվում է, թե գտնվում ես տվյալ ժամանակաշրջանում,տվյալ վայրում: Բոլորս այնքան դրական լիցք ու էներգիա ենք ստանում այդ մի քանի ժամվա ընթացքում,որ բավականացնում է սպասումներով լի մի ամբողջ շաբաթ:Բանն այն է, որ մեր դպրոցում նրա շնորհիվ գործում է <<Ծիր Կաթին>> ինտելեկտուալ կրթության աշակերտական ակումբը,որը բացառիկ երևույթ է ամբողջ հանրապետությունում: Եվ նրա անդամները դպրոցն ավարտելուց հետո նույնիսկ իրենց հետ տանում են ինտելեկտուալ <<վարակը>>՝ դառնալով աըդ շարժման ակտիվիստներ բուհերում և բանակում: Ճիշտ է, այս ամենը հայրիկս ամենայն ոգևորությամբ է անում, բայց ամեն դեպքում նրա տարերքը տիեզերքն է: Տիեզերքի մասին խոսելիս թվում է, թե ակամայից հայտնվում ես մոլորակների անվերջանալի շրջապտույտում,և երբ խոսքն ավարտում է, մտքերով բախվում ես դառն իրականությանը, խոր ափսոսանք ես ապրում,որ նման մարդու լսարանը բաղկացած է սահմանափակ թվով աշակերտներից,միաժամանակ ուրախանում ես, որ մեր կողքին ապրում և աշխատում է նման ուսուցիչ,ով կենդանի օրինակ է բոլոր աշակերտների համար: Հայրիկիս կենսագրությանը խորապես ծանոթանալով՝ բազմիցս համոզվում եմ,որ ուսուցիչ ծնվում են, ոչ թե դառնում, քանի որ նա, մանկավարժական կրթություն չունենալով, շատ լավ տիրապետում է մանկավարժական նրբություններին: Նա նրբանկատ է,շրջահայաց և, որ ըստ իս շատ կարևոր է, լսելու կարողություն ունի: Աշակերտի հոգում իր նկատմամբ խոր հարգանք և վստահություն ներշնչելով՝ կարողանում է կիսել նրա մտահոգությունը, ճիշտ ուղի ցույց տալ,բոլոր ծագած խնդիրների ճշմարիտ լուծումը գտնել: Այդպիսի պահերին նա ստանձնում է առաջնորդի դեր և իր հետեվից կարող է տանել մի քանի տասնյակից ավելի իր աշակերտներին: Աշակերտների հոգում անջնջելի հետք են թողնում նռա՝ տասներեք տարվա վաղեմություն ունեցող ամենամյա ինտելեկտուալ փառատոները: Ամեն տարի ապրիլի տասներկուսին, տարածաշրջանից բազմաթիվ աշակերտներ, գիտելիքներով զինված, շտապում են մեր դպրոց ոգեշնչված և հաղթանակի ակնկալիքով: Այդ օրը մեզ համար թե՛ մասնակցությունը, թե՛ ընկեր Ամիրաղյանի հետ առնչությունն արդեն իսկ նվաճում է: Հաղթանակած թիմի համար հաղթանակը տիեզերքի շնչով ողողված այդ օրը, ասես համարժեք է դառնում տիեզերքի նվաճմանը,իսկ ընկեր Ամիրաղյանի արտաբերած գովեստի խոսքերը ամենամեծ պարգևն են դառնում: Մեծ է ընկեր Ամիրաղյանի վաստակը աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության և կրթության գործում:Դրա ապացույցն է այն, որ ամեն տարի բազմաթիվ շնորհակալագրեր են ստացվում բանակ զորակոչված մեր աշակերտների անվամբ, իսկ բանակից զորացրվածները շտապում են ժամ առաջ հանդիպել սիրելի ուսուցչին, ով հայրաբար սեղմում է իր կրծքին նախկին սանին և համեստաբար ընդամենը մեկ բառ է ասում՝ ապրես: Զարմանալի մի բան եմ նկատել նրա խոսքի մեջ,նա հազվադեպ է <<ես>> բառը գործածում: Իր մասին երբեք չի խոսում, անգամ այն, որ եղել է աշխարհահռչակ աստղագետ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ուսանողը, վերջերս ենք իմացել: Պարզվում է, որ նա էլ լավ ուսուցիչ է ունեցել: Նրա ուսուցիչն էլ իր վրա է անջնջելի հետք թողել: Արդեն պարզ է դառնում, թե որտեղից է տիեզերքի նկատմամբ հզոր <<մագնիսական ձգողականության>> ուժը, ուրույն ոճը և հարուստ լեզուն: Ինչպես իր հանրահռչակ ուսուցիչը,նա էլ է բազմաշնորհ. հրաշալի նկարում և ստեղծագործում է: Շարադրանքս և՛ ավարտին եմ հասցնում, և՛ մտածում, թե ինչ կասի հայրս,երբ իմանա գրածիս մասին. չէ որ նա շատ համեստ է և չի սիրում, որ իր մասին խոսում են: Բայց ես չէի կարող չգրել,որովհետեև դպրոցում ուսուցչի սեղանի առջև նրան տեսնելիս մոռանում եմ որ հայրս է: Հոգիս մի առանձին հպարտությամբ է լցվում, որ նման ուսուցիչ ունեմ, ում կերպարը համապատասխանում է իսկական ուսուցչի վեհ կերպարին: