Մրցույթներ

Համադպրոցական շարադրությունների մրցույթ 2013
Շուշան Ղանդիլյան
Դպրոց՝ գ. Զովաբերի մ/դ

Դասարան՝ 12
Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է
Ասես երեկ լիներ… Յոթ տարեկան էի: Պապիկս միշտ ասում էր, որ ես այնքան էլ ընդունակ չեմ, և եղբայրս, որն ինձանից երկու տարով փոքր է, ավելի լավ է հիշում մանկապարտեզում սովորած բանաստեղծությունները: Բոլորն ասում էին, որ ինձանից բան դուրս չի գա: Հորաքրոջս համար ես անհետաքրքրասերի մեկն էի. չէ՞ որ եղբայրս ավելի ուշադիր էր դիտում մուլտֆիլմերը կամ որևէ այլ մանկական հաղորդում: Այսպես, ինքս իմ մասին մեծերի կարծիքներն աքսիոմա դարձրած, ոտք դրեցի դպրոց: Դպրոցն ինձ համար մի մեծ շենք էր, որի միջանցքներով վազվզում էին տարբեր տարիքի չարաճճի երեխաներ, որի պատերի ներսում գեստապոյի կեցվածք ընդունած ուսուցիչներն աշակերտներին սաստելու և խրատներ տալու համար էին: Ահա այդպիսի աշխարհայացքով մտա դպրոցի պատերից ներս: Առաջին ուսուցչուհուս տված հանձնարարություններին սկսեցի մոտենալ իմիջիայլոց, անտարբեր. մեկ է, ես չէի կարող: Աշնանային գեղեցիկ օր էր: Զանգը հնչեց: Դասերն ավարտվեցին: ՈՒսուցչուհիս խնդրեց, որ մնամ դասարանում` իրեն օգնելու նպատակով: Մնացի: Հանգիստ մոտեցավ ինձ, մայրական գորովանքով բռնեց ձեռքս, շոյեց գլուխս և ասաց.<<Աղջի՛կս, ո՞րն է քո անտարբերության պատճառը>>: ՈՒսուցչուհուս ձայնի մեջ այնքա՜ն քնքշություն կար, այնպիսի՜ վստահություն ներշնչեց նա ինձ, որ ես պատմեցի նրան ամեն ինչ: Թևերը կտրած ճնճղուկի նման խեղճ ու անօգնական աղջնակ էի ես: Բայց նա եկավ ինձ օգնության: Նա ինձ թևեր տվեց, և այնպիսի՜ թևեր, որոնք ինձ մղում են անելու անհնարինը: Այսօր սովորում եմ իններորդ դասարանում: Դասարանի առաջավորներից մեկն եմ, և այդ ամենն առաջին ուսուցչուհուս շնորհիվ: Նա ինձ համար լոկ առաջին ուսուցչուհի չէ: Նա իմ ավագ ընկերուհին է ու բարեկամը: Նա մեկն է, ում լիովին կարող եմ վստահել, ով անմնացորդ կարող է նվիրվել ինձ և իմ նման հարյուրավոր սաների: Նա այդպիսին է, և ո՛չ միայն ինձ համար: Այդպիսին է նրա էությունը: Նա ոչ միայն լույսի ու ջերմության մի անսպառ շտեմարան է, այլ նաև հարազատ ու սրտացավ մեկը, ով քո կողքին է ցանկացած դժվար պահին, երբ դու նրան ամենաքիչն ես սպասում: Նա է քո ամեն մի հաջողությամբ առաջին ուրախացողը, քո ամեն կորուստ քեզանից ծանր տանողը, որը, սակայն, կարող է թաքցնել կարեկցանքը` քեզ նորից ոգեշնչելու և թևեր տալու համար: Վերջապես նա մեկն է, ով պահապան հրեշտակի նման միշտ իմ, և ոչ միայն իմ, այլ իր բոլոր սաների կողքին հայտնվում է հենց այն պահին, երբ նրանք ամենաշատն են զգում սրտացավ մեկի կարիքը: Տարիներ են անցել: Արդեն վեց տարի նա ինձ չի դասավանդում, բայց ես նրան բոլորից շատ եմ սիրում: Եթե դասարանով մի միջոցառում պետք է կազմակերպենք, առաջին խորհրդատուն նա է: Եթե պետք է մեկին հաճելի անակնկալ մատուցել, նա է մեր առաջին աջակիցը: ԵՎ ամենակարևորն այն է, որ նա այդ ամենն անում է անշահախնդիր, առանց պատասխան վերաբերմունք ակնկալելու: Սաների կողմից արժանի վերաբերմունքը նա վաստակել է իր անմնացորդ նվիրման, ջերմ սիրո և անսահման բարության շնորհիվ: Սիրելի՛ ուսուցչուհի, երանի՜ կարողանայի Ձեզ ասել այն ամենն, ինչ մտածում եմ:Երանի չամաչեի ասելուց. <<Սիրելի՛ ուսուցչուհի, Դուք իմ երկրորդ մայրն եք, կամ իմ ավագ ընկերը, Դուք իմ մեծ քույրն եք և հարազատ բարեկամը: Ես Ձեզ սիրում եմ այնպես, որ չեմ պատկերացնում կյանքս առանց Ձեր նման լուսե մի խորհրդատուի խորհուրդների, առանց Ձեր տեղին արված հորդորների կամ քաջալերանքի: Դուք ինձ համար միակն եք ու անփոխարինելին>>: