Մրցույթներ

Գրական անկյուն / - 2011 Պատմվածքներ
Վիկտորիա Չանախչյան
ք. Երևանի թիվ 112 ա/դ
Շրջանավարտ 2012
Վարկանիշ՝ 4742
Բողոքել են՝ 30
Աննան

Մի կիսախարխուլ տան մեջ էին ապրում նրանք:Հողի շաղախով ու խիճ ավազով շինված պատը տեղ-տեղ քանդված էր:Մոխրագույն տները,որոնք ունեին հարթ ու անգույն կտուրներ, գյուղին տալիս էին մռայլ ու գորշ տեսք:Հողոտ ու փոշոտ փողոցի երկայնքով` փայտե դռների մոտ, դրված էին սալաքարեր,որոնց վրա պարապ ժամանակ նստում էին գյուղացիները:Գարնան շնչով արբեցած գյուղը հանգիստ ննջում էր:Նորաբողբոջ, կաթնագույն ու վարդագույն ծաղիկների բույրը տարածվել էր ամենուրեք:Գյուղի անդորրը խախտում էին հատ-ընդհատ կանչող աքաղաղները:Արևի շողերը նեղ պատուհաններից թափանցում էին ներս ` լուսավորելով Սեդայի գեղեցիկ դեմքը:Ամբողջ գիշեր նա աչք չէր փակել.նրան հանգիստ չէր տալիս այդ միտքը:Սեդան զգույշ բարձրացավ անկողնուց , հագավ հողաթափերը , մատների ճկուն շարժումով հավաքեց մազերը ու մի թախծոտ հայացք ձգեց աղջկա կողմը:Սենյակի աջ անկյունում` փայտե թախտի վրա հանգիստ ննջում էր նրա դուստրը` Աննան: Լամպի պատրույգը բոցկլտում էր ` սենյակին հաղորդելով խորհրդավոր տեսք:Բոցկլտացող լույսի տակ նշմարվում էին պատի սպիտակ ծեփանները: Նրա գեղեցիկ կեցվածքով ու չնաշխարհիկ քայլվածքով պարծենում էին գյուղացիները:Վայելչակազմ տեսքով ու բարետես արտաքինով կինը վայելում էր համագյուղացիների սերն ու հարգանքը:Իսկ հիմա:Ի՞նչ պատահեց հիմա:Սեդան ամենադժբախտ մայրն է աշխարհում:Մայրը հանգցրեց լամպը:Դուրս գալով սենյակից` Սեդան վերցրեց շալը , գցեց ուսերին:Փայտե դուռը փակվեց ճռռոցով:Այդ ձայնը նրա մոտ արթնացրեց դաժան հիշողություններ,որոնք երբեք չջնջվեցին նրա մտքից:Թողնելով տուն-տեղ, կահ-կարասի` կորցնելով ծնողնեին ` Սեդան ամուսնու հետ փրկվել էր թուրքերի ջարդերից:Հոգնատանջ տառապանքն ու դաժան ցավը դրոշմվել էր նրա ճակատին:Նրա աչքերի մեջ թախիծ կար ու մեծ հոգս:Դեռ երկու ամիս էլ չէր անցել, երբ թուրքերը մտան գյուղ ու բռնի ուժով հավաքագրեցին հայ տղամարդկանց, որոնց մեջ էր նաև Սեդայի ամուսինը:Սեդայի գլխում ամեն ինչ խառնվել էր իրար:Չնկատեց , թե ինչպես հասավ եկեղեցի, որտեղ իրեն սպասում էր տեր Ղազարը:Սեդան խաչակնքելով երեսը` օրհնություն խնդրեց քահանայից:Ծեր քահանան փորձում էր սփոփիչ խոսքերով մխիթարել Սեդայի ալեկոծված հոգին:
-Հա’յր իմ, խնդրում եմ օգնի’ր ինձ, միայն ո’չ Աննան:Ես չեմ դիմանա այս հարվածին:
Քահանան դողդոջուն ձեռքով շոյեց Սեդայի գլուխը.
-Սեդա’, զավա’կս,մի հուզվի’ր, մենք ուժեղ ենք , մենք Աննային չենք տա արյունռուշտ թուրքին:
-Բայց մի՞թե մենք կարող ենք դա անել:
-Աննային գիշերով կբերես ինձ մոտ, ես նրան կթաքցնեմ եկեղեցու զանգակատանը:
Սեդայի դեմքին երջանկության նշույլ երևաց:Առավոտ կանուխ թուրքերը նորից մտան գյուղ:Ձիերի ոտների տրոփյունից գյուղի գլխին փոշոտ ամպ գոյացավ:
Շինծու ժպիտով,լպիրշ հայացքով հպարտ ոստիկանը գլուխը այս ու այն կողմ թեքելով փնտրում էր Աննային:Նրա աչքերը լի էին պղծությամբ ու անառակությամբ:Երբ հասավ Աննայենց բակ, հրաման տվեց իր զինվորներին,դուրս բերել դեռատի օրիորդին,որին նա հավանել էր առաջին հայացքից:Թուրք ոստիկանը քթի տակ մի մուղամ էր երգում ու անընդհատ ոլորում էր բեղերը:Զինվորները տանից դուրս եկան ձեռնունայն:Ոստիկանը մի ցասկոտ հայացք գցեց Սեդայի կողմը և գոռաց.
-Կվառե'մ,կջնջե'մ,կոչնչացնե'մ ամբողջ գյուղը,եթե մինչև գիշեր Աննան ինձ մոտ չլինի:
Թուրք ոստիկանը հավաքեց իր զինվորներին ու կայծակի արագությամբ հեռացավ գյուղից:
Ամբողջ գյուղը վտանգի մեջ էր:
Տեր Ղազարը բարձրացավ զանգակատուն,որտեղ վախից կուչ էր եկել Աննան:Նրա սիրտը դողում էր:
-Տե’ր հայր,ես կգնամ,ոչ ոք մեղավոր չէ:Ես կգնամ հանուն իմ գյուղի,հանուն իմ մոր:
Քահանան մռայլվեց:Նա մեղավորություն զգաց,կարծես հանցագործություն ու ոճիր կատարած լիներ:Իսկ ի՞նչ պատասխան կտար նա Աննայի մորը…
Երեկո էր,թուրքերը վերադարձան գյուղ:Աննան իր կամքով սպասում էր թուրք խաժամուժին:Նա համարձակ խոսքերով սփոփում էր մորը,բայց իր մեջ քողարկում էր վախն ու ցավը:Թուրքերը տարան Աննային ու նրա երազանքներն մոխրացան մի ակնթարթում:
Մայրը խելագարվում էր սրտի աննկարագրելի ցավից:Նա չոքած գետնին կաղկանձում էր`անիծելով իր սև բախտը:
Միայն առավոտյան գույժը տարածվեց գյուղում,որ Աննան ճանապարհին ինքնասպան է եղել:
Ողբում էր մայրը անշիրիմ զավակի համար,ով իր անձը զոհեց հանուն իր գյուղի: