Մրցույթներ

Գրական անկյուն / - 2011 Պատմվածքներ
Վարդուհի Հարությունյան
ք. Երևանի թիվ 170 ա/դ
Շրջանավարտ 2013
Վարկանիշ՝ 141
Բողոքել են՝ 1
ԱՄՊԵՐԻՑ ԷԼ ՎԵՐ
Անահիտը կանգնած էր լուսամուտի մոտ: Նա նայում էր երկնքին ու երազում: Շատ անգամ էր ինքն իրեն հարցրել, թե ինչն է, որ ստիպում է իրեն ժամերով նայել երկնքին ու չձանձրանալ, բայց միշտ նույն պատասխանն էր տվել. «Երազկոտությունը»: Բայց ի՞նչ էր նա երազում: Երբ նա երազկոտ հայացքով խորասուզվում էր երկնքի մեջ ու սկսում մտքով սավառնել ամպերից էլ վեր, կողքից նայողների մտքում միշտ նույն հարցն էր առաջանում. «Տեսնես ի՞նչ է մտածում, ի՞նչ է երազում»: Գուցե դրա պատասխանը հենց այստեղ պարզվի:
Ամեն անգամ, երբ Անահիտը հայացքը հառում էր երկնքին, նրա մտքում ասես սկսում էր հնչել մի մեղմ երաժշտություն: Նայելով ամպերին` նա սկսում էր դրանք նմանեցնել իրական աշխարհի ինչ-որ առարկաների կամ կենդանիների: Հետո մտքով հայտնվում էր ծիծեռնակների կողքին, սկսում նրանց հետ սավառնել և բարձրանում էր ամպերից էլ վեր: Թաղվելով փափուկ ամպերի հաստ վերմակի տակ` նա սկսում էր հիշել: Հիշում էր անցյալը: Նրա առջև ֆիլմի նման սկսում էին անցնել իր կյանքի ուրախ և տխուր պահերը: Հիշում էր և այն մարդկանց, ովքեր իր կողքին են, և նրանց, ովքեր ինչ-որ ժամանակ իրեն ցավ են պատճառել: Հետո հիշում էր այն, ինչ խնամքով թաքցնում էր ընկերների ամենատես աչքերից, սիրտը լցվում էր: Նրա աչքերում հայտնվում էին արցունքի կաթիլներ, որոնց սակայն ինքը թույլ չեր տալիս ընկել և դաժան դահիճի պես կտրում էր միամիտ արցունքների ոտքերը: Այդպես էր անում, որպեսզի նրանք չսկսեին վազել իր այտերի վրայով և մատնեին սրտի կսկիծը: Այդ ժամանակ ամպերից դուրս էր գալիս լույսը և նորից Անահիտի հոգում արթնանում էր հույսը: Նա սկսում էր հուսալ, որ մի օր իրեն կներեն այն մարդիկ, ում ցավ է պատճառել: Բայց չէ՞ որ ինքն այդ մարդկանց վատը չէր ցանկանում: Չէ՞ որ լավից բացի այդ մարդկանց ոչինչ չէր արել: Բայց դա նրանց կամքին էր հակառակ և այդ մարդիկ իրենք չցանկացան լինել «հարգված»:
Ուրեմն այլևս իմաստ չկար մտածելու, ուրեմն պետք էր մոռանալ ամենը: Եվ Անահիտն այդպես էլ անում էր:
Այս անգամ էլ նա այդպես վարվեց: Նա կանգնեց ամպերի վրա, նայեց դեպի լույսը հետո ձեռքը դրեց սրտին և ասաց. «Ես կմոռանամ ամենն, ինչ-որ եղել է: միայն ինձ կտանջի մեղքի զգացմունքը: Ես հասկանում եմ, որ մեղավոր եմ շատերի առաջ, բայց ես կմոռանամ, չեմ հիշի: Միայն գիշերները` երազներիս մեջ, նրանք կհայտնվեն ու չորս բոլորս կանգնելով կմեղադրեն: Աստծուց միայն այն եմ խնդրում, որ նրանք բոլորն ինձ ներեն, ու մի օր էլ խիղճս իմ երազում ասի, որ կարող եմ հանգիստ նայել այդ մարդկանց աչքերի մեջ և այնտեղ տեսնել ոչ թե մեղադրանքներ, այլ ներում: Սա է իմ ուզածը, որովհետև ես չեմ պատրաստվում այսուհետև մեղադրել ինքս ինձ: Իմ փոխարեն դա կանի իմ խիղճը, իսկ այն մարդիկ, ում ցավ եմ պատճառել և ովքեր ինձ են ցավ պատճառել, կտեսնեն, որ իրենց արհամարհանքն ինձ չի թուլացնում, ընդհակառակը` ուժեղացնում է, և ես ոտքի եմ կանգնում, որպեսզի պայքարեմ»:
Սա էր այն, ինչ զգում էր Անահիտը` նայելով երկնքին: Բայց հետո նա սկսում էր երազել: Նա իր մտքում կառուցում էր այն ապագան, որի մասին դեռ մանկուց էր երազում: Սկսում էր պատկերացնել իրեն ազատ կամքի տեր: Երազում էր, որ կարողանա զբաղվել իր սիրած գործով, լինի արվեստին մոտիկ, որ իր ասպարեզում լինի լավագույնը: Նա պատկերացնում էր իր տունն ու բակը` լի գեղեցիկ ու բուրավետ ծաղիկներով: