Սերն այն լեզուն է, որով խոսում է ողջ տիեզերքը
Երեկո էր...Այն տխուր երեկոներից, որ ես հաճախ էի զգում վերջերս: Ես քայլում էի՝ չհասկանալով , թե ուր և ինչու: Քայլերս մերթ արագանում էին, մերթ՝ դանդաղում: Քայլում էի այդ ճնշող մթության միջով, ու կարծես խավարն էլ ավելի էր ազդում իմ հոգեվիճակի վրա: Բոլոր հույզերս խառնվել էին իրար, հոգումս զգացմունքների մի մեծ հեղեղ էր, իսկ սիրտս՝ պատված անդնդախոր վերքերով ու ակոսներով, կարծես կրում էր աշխարհի ողջ ցավը: Ու ես այն մարդ արարածն էի, որ մեղք էր գործել ու այժմ տանջվում էր այդ զգացումից. տանջվում էր այն մտքից, որ իրեն կասեն՝ «քարկոծել», «չ՞է որ նա է կոտրել ճյուղը, վնասել ու վերացրել, քարկոծե՛լ, քարկոծե՛լ»: Անընդհատ դրա մասին էի մտածում ու որքան շատ էի մտածում, հասկանում էի, որ մարդկային էակը չի կարող զերծ մնալ գարշելի մեղքից. նա ամեն վայրկյան զգում է դրա համը: Ես էլ զգում էի դրա համը և այդ իրականությունից զայրանալով շարունակ քայլում էի: Քայլում էի այս մտքերին չդավաճանելով:
Չզգացի էլ, թե ինչպես ոտքերս կարողացան տանել այդքան ցավով լցված մարմինս: Բայց ես հասա մի բացատի ու որպես մի անշունչ էակ զարկվում է պատին և ցած ընկնում, այդպես էլ ես ցած գլորվեցի թաց ու խոնավ խոտի վրա: Մի այլ զգացում էր դա, երբ մի նոր շունչ եկավ ու զովացրեց կրակից բռնկված մարմինս: Կարծես մի քանի ակնթարթ մոռացել էի իմ այդ տխուր ու միայնակ հոգեվիճակի մասին: Ջրի նուրբ կաթիլները զգալով՝ ես հասկացա, որ ինչ որ բան էր փոխվել:
«Լաց են եղել անձրևները,
Լաց են եղել ինձ համար,
Միթե սեր կա դեռ անհամար,
Միթե կերգեմ նորից քեզ համար,
Կդառնամ մանուկ` աչքերով վճիտ,
Խելառ ու խենթ հայացքով մի հպտիտ,
Ժպտացող անվերջ և սիրող հավերժ»:
Ի՞նչ կատարվեց. դա ես չհասկացա: Բայց մի պահ չէի հիշում ցավիս մասին, որ կորցրել եմ ինձ համար թանկ մի մարդու, որ նա այլևս չկա, որ էլ չեմ տեսնելու նրան: Բայց գիտեի, որ դեռ սրտումս մի ուրիշ բան կար՝ սեր, որ մնացել էր, դեռ ապրում էր: Չգիտեմ ինչու դա ստիպեց ինձ հասկանալ, որ դեռ հույս կա, կա լույսի մի նշույլ, որ միգուցե կփոխի ամեն ինչ: Ինձ հետ միասին ցավում են անձրևները, լաց են լինում. հենց դա էր իմ հույսի կենարար աղբյուրը, կյանքիս շունչ տվող միակ գործոնը:
«Մի՞թե ես և դու, մենք՝ ագահ ու դաժան մարդիկ, որ ունակ ենք ցավեցնել իրար, մի՞թե մենք՝ վայրագներս, որ ունակ չենք ապրել բարով, նայել արևածագին ու իրիկնամուտին՝ աղոթք անելու ու երգ երգելու, մի՞թե մենք այդքան կապված ենք բնության հետ:»
Այս խոսքերը կարծես երկրաշարժի ենթարկված շենքի պես գնում ու գալիս էին գիտակցությանս մեջ: Ես մնացի գիշերն այդ բացատում: Այդ գիշերն ամենաերկարն էր ու ամենակարճը:
Լուսացավ... Ես հույս ունեի, որ շուրջս դեռ թաց կլիներ ու անձրևներ՝ ինձ հասկացող ու ցավս կիսող անձրևներ: Ես չէի ուզում այդ օրն էլ զգալ տխրություն ու միայնություն: Այս բառերն անկախ ինձնից հրաբխի պես դուրս ժայթքեցին իմ սրտից.
«Դժկամ ու դժմիտ, ի՞նչ ես մտածում,
Բացիր աչքերդ, նայիր աշխարհին:
Նստել ես ճամփին, սպասում երազներին.
Նրանք չեն գալու ու քեզ շոյելու,
Նրանք չեն գալու քեզ բարև տալու,
Կոտրվեց ճյուղը, ճյուղն անմահական,
Կորան ընդհատակ երազներն դաժան:
Քաղցր ես նիրհում, քաղցր ես խորհում,
Բայց շատ ես ճախրում դու դեպի հեռու,
Առաջ դու նայիր, դու ետ ես նայում,
Շուտով կդառնաս ցնդած մի ուրու:»
Ես պահում, փայփայում էի իմ սերը, բայց կորցրեցի այն: Դա նույնքան դաժան է , որքան կոտրես մի բալենու ճյուղ, որն ուզում է ապրել ու արևը տեսնել, ուզում է շնչել ու ծաղկել: Ամեն ինչ կորած էր. կորել էր այն ամենանվիրական ու անկեղծ սերը, որ ես ջերմացրել էի իմ սրտի մի փոքրիկ անկյունում: Ցավում էր սիրտս, քանզի միայնակ էր մնացել:
Ես մտածում էի, թե լաց են եղել ինձ համար անձրևները, եկել են օգնելու, հույս տալու, բայց ոչ. ինձ մնում էր միայն քայլել այդ անծայրածիր ամայության մեջ: Ես քայլում էի ու երազում, որ երանի նա այստեղ լիներ , երանի գար ու ասեի նրան, որ դեռ իմ սրտում կա, ապրում է սեր՝ փոքրիկ ու պարզ աչքերով մի անմեղ մանուկ: Նայեցի վեր, իսկ այնտեղ տեսա աստղեր: Չզգացի թե, երբ հասցրեց մթնել: Ես սկսեցի վստահ քայլել, բայց այս անգամ գիտեի, թե ուր: Գնում էի այնտեղ, որտեղ առաջին անգամ տեսել էի նրան: Հասա. լիճը դեռ նույնն էր, ոչինչ չէր փոխվել՝ բյուրեղի պես փայլող ականակիտ մի լիճ: Բայց մի բան փոխվեց, երբ նայեցի լճի մեջ: Իմ դեմքի կողքին մի վիթխարի լույս տեսա, որ փայլեց այդ լճի մեջ:Ես նայեցի ու տեսա նրան. իմ դեմքի կողքին արտացոլվեց նրա հրաշք պատկերը:
-Դու՞:
-Ես:
-Իսկապես՞:
-Ըհը:
-Տխու՞ր ես:
-Ոչ:
-Իսկ ես՝...:
Ժպիտ ու էլ ոչ մի բառ. չկար պատասխան: Իսկ ես պտտվեցի ու նայեցի վեր. իմ ընկերները ՝ անբաժան աստղերը, դեռ այնտեղ էին : Ես ինձ զգացի տիեզերքի ամենաանբաժանելի մասը՝ ինչպես աստղերը: Ես հասկացա, որ տիեզերքինն եմ.
-Այո, խաբեցի քեզ ու հեռացա ես,
Ես մեղք գործեցի ու սեր սպանեցի,
Որ նոր էր ծնվում , աչքերը բացում,
Բայց սա էր ցավը մեր լուռ սրտերի,
Որ ապրում էինք սեր անթույլատրելի:
Ես քանի երկար օրեր եմ զգացել տխուր ու մենակ,
Սիրտս էլ պապակ քո ձայնին հստակ:
Իսկ հիմա այստեղ ես,
Ես գտա քեզ վերջապես:
Տես տիեզերքը, որ չունի եզերք,
Կարծես լինի մի հրաշք ձեռք,
Որ նվիրել է մեզ սեր:
Որտեղ էլ նայես , կտեսնես դու սեր.
Ամենքն են սիրում ու սիրով ապրում.
Թաց ու լուռ անձրև,
Լիճն այս տձև,
Աստղեր, բալենի
Սերն են զգում սիրելի:
Ես վերջապես լռեցի ու հանգչեցին խոսքերս նուրբ, որոնց մեջ խտացված էին իմ զգացմունքները սուրբ:
Երկար լռություն: Նա պարզապես նայում էր աչքերիս առանց թարթելու: Մեկ, երկու, մի քիչ էլ անցավ, փակեց աչքերս, իսկ հետո՝ բռնեց ձեռքս ու փակ էին նաև նրա աչքերը: Նա դարձավ բյուրեղ՝ լճի սրտում մի փայլփլող բյուրեղ, իսկ ես՝ լուսին: Ես տիեզերքի գրկում էի՝ այնտեղ, ուր հավերժության մեջ պետք է մեր սերը դրոշմվեր: Ես նայում էի նրան, նա էլ ինձ: Մենք էլ չէինք կարող բաժանվել կամ կորցնել իրար. Մեր սերը կապրի հավերժ: Այն կկոտրվի մի մաքուր բյուրեղի պես միայն այն ժամանակ, երբ Աստված վերջ տա իր ստեղծած հրաշքին: Նա բյուրեղ էր լճի խորքում, իսկ ես՝ լուսին տիեզերքում:
Այժմ էլ ես՝ Լուսինես, ապրում եմ իմ ստեղծած փոքրիկ տիեզերքում, ես սիրում ու սիրվում եմ այնտեղ: Ես երջանիկ եմ, քանզի գրում եմ իմ սիրո մասին, քանզի զգացել եմ, որ մենք՝ բնության բոլոր տարրերս, խոսում ենք իրար հետ այդ համընդհանուր լեզվով՝ սիրո չքնաղ լեզվով: Երանի բոլոր մարդիկ աշխարհի սիրեին ու սիրվեին:
Մարդի՛կ համայն աշխարհի, սիրե՛ք իրար, մի՛ կոտրեք բալենու ճյուղեր և մի՛ փշրեք բյուրեղյա հոգիներ: Սերը միշտ էլ կգա ձեզ մոտ, եթե այն ձերն է...Պարզապես սիրեք: