Մրցույթներ

"ԻՄ ՍՐՏԻ ՈՒՂԵԿԻՑ" շարադրությունների մրցույթ - 2013
Համլետ Սիմոնյան
Դպրոց՝ «Վարդանանք կրթահամալիր»

Դասարան՝ 6-րդ
Ես քո ժպիտն եմ, Երևան
Ողջո´ւյն Երևան, իմ սիրելի´ մայրաքաղաք, իմ հարազատ, իմ բարեկամ: Ես քո փոքրիկ քաղաքացին եմ, քո մտերիմը: Դու իմ հասցեն ես, իմ ծննդավայրը, իմ երազանքը, իմ անցյալը, ներկան ու ապագան: Ինչքան մեծանում եմ, այնքան շատ եմ քեզ սիրում ու կարոտում: Դու նման ես իմ մայրիկին, որին աշխարհում ամենաշատն եմ սիրում: Հիմա ես կվերցնեմ մայրիկիս նկարը և կփորձեմ քեզ նկարել ճիշտ մայրիկիս նման: Կսկսեմ գլխից: Գիտե°ս, քեզ շատ դժվար է նկարել, ավելի դժվար, քան մաթեմատիկայի բարդ խնդիր լուծելը: Ո°ր վայրն ընտրեմ գլխիդ համար: Հայրիկս ասում է, որ մեր գլխավոր հրապարակը քո սիրտն է: Նա բժիշկ է և ամեն ինչ գիտի մարմնի մասերի մասին: Բայց ես հրապարկը կնկարեմ որպես գլուխ, որովհետև կլոր է և հետո, միևնույն է, սիրտը չի երևում նկարում: Հետո կնկարեմ պարանոցը: Առանց վարանելու կնկարեմ կասկադը, որովհետև և´ բարձր է, և´ նման է պարանոցի: Ապա կնկարեմ մարմինը: Դե պարզ է, դա իմ շատ սիրելի «Վարդանանք» կրթահամալիրը կլինի: Իսկ ոտքերիդ համար կընտրեմ քո լայնարձակ պողոտաները, որոնք արագ ինձ հասցնում են այնտեղ, ուր ուզում եմ: Մնաց ձեռքերդ: Իսկ դա արդեն դժվար չէ նկարել: Ես կվերցնեմ իմ շատ սիրելի զբոսայգիների ծառերը, որոնք քամուց նազանքով օրորվում և ինձ իրենց գիրկն են կանչում: Ես շատ հաճախ եմ մայրիկիս հետ լինում զբոսայգիներում, որտեղ խաղում եմ, զբոսնում և զվարճանում: Բայց մայրիկս հաճախ է նայում իր ժամացույցին և ինձ շուտ տանում է տուն: Ես երբեք չեմ հագենում խաղալուց: Դրա համար քո ձեռքին ես ժամացույց չեմ նկարի: Դե´, կարծես թե վերջ: Բայց շատ տխուր նկար ստացվեց: Իմ սիրելի´ քաղաք, դու մայրիկիս նման գեղեցիկ չեղար: Տեսնես` ի°նչն է պատճառը: Հասկացա~, իմ մայրիկի ժպիտը չկա քո նկարում: Հիմա ես քո նկարի կողքին կավելացնեմ ինձ, իմ չարաճճի ընկերներին ու բազում մարդկանց: Ե~ս եմ քո ժպիտը, իմ Երևա´ն, դու այնքան կենդանի, աղմկոտ ու ուրախ ես, երբ ես քեզ հետ եմ: Ես քո ժպիտն եմ, Երևա´ն, քո ներկան և քո ապագան: Մի´շտ ժպտա, իմ քաղաքամա´յր: