Մրցույթներ

"ԻՄ ՍՐՏԻ ՈՒՂԵԿԻՑ" շարադրությունների մրցույթ - 2013
Լյովա Ծառուկյան
Դպրոց՝ Երևանի Ռուբեն Սևակի անվան հ.151

Դասարան՝ 8-րդ
Դու իմ ժպիտն ես, Երևա՛ն
Ըստ ժողովրդական ասացվածքի՝ §Ժպիտն ու թախիծը եղբայրներ են¦: Միշտ մեկը նախորդում կամ հաջորդում է մյուսին: Մարդը ի ծնե հակված է ուրախությունն ու ժպիտը ավելի սիրելու. նրա հետ հեշտ է և հաճելի: Մենք՝ հայերս, որպես ազգ ճակատագրի բերումով տխրելու առիթներ ավելի շատ ենք ունեցել, բայց միշտ աշխատել ենք գնալ ժպիտի, լուսավորի հետևից, չնայած որ այն մեզ շատ թանկ գնով է տրվել: Մեր ժողովրդի տևական ուրախությունը ապահովել է մեր այսօրվա մայրաքաղաքը՝ լուսառատ, արևաշող Երևանը: Թափառող մայրաքաղաքներից վերջինը դու եղար. ի վերուստ քեզ էր տրված այդ բացառիկ պատիվը: Դու ես ողջ հայությանը տուն կանչող փարոսը, նրանց հույսի հանգրվանը: Ծանր փորձություններ կրա՛ծ իմ քաղաք, այսօր դարձել ես լույսի հեղեղ, մտքի տաճար, շենշող ճարտարապետական կոթողների մշտամնա կայան: Դու ես ծնել բազմաթիվ հանճարներ, որոնք իրենց անզուգական ստեղծագործություններով աշխարհին ասել են, որ դու հայ ժողովուրդն ես, որ այդ ժողովուրդը համաշխարհա-յին մտքի ու մշակույթի առաջընթացի մեջ ունեցել է և ունենալու է իր նշանակալից դերը: Դարերի ճանապա՛րհ անցած իմ քաղաք, հազարամյակների փոշին անգամ չի ստվերել քո փայլն ու գեղեցկությունը: Տատիկս ասում էր. §Ոսկին կավի մեջ ավելի լավ է փայլում¦: Դու այդ ոսկին ես, որ փոշու միջից էլ շողշողում ու հիշեցնում աշխարհին, որ բիբլիական այս հողում ծվարած ժողովուդը ունի մի զարմանահրաշ հատկություն՝ տոկալ, ստեղծել, արարել, կառուցել, սիրել ու փայփայել՝ ի զարմանս օտարների, ի հեճուկս թշնամիների: Օրեցօր ծաղկո՛ղ իմ քաղաք, մենք քեզանից դյուցազնական ուժ ենք ստանում, ինչպես Սևանա ծռերը՝ հայոց գրից, ինչպես Արշակ Երկրորդը՝ հայոց հողից: Մանկությունս անցավ երևանյան մի փոքրիկ ու հին բակում, ու ինձ թվում էր՝ Երևանը իմ բակն է: Իսկ այսօր ես բնակվում եմ բարձրահարկ շենքի տասնչորսերորդ հարկում: Նախկինում Երևանն իմ բակն էր, իսկ այսօր, երբ պատշգամբից նայում եմ ինձ կարոտով սպասող Արարատին ու նրա ստորոտին շենացող քաղաքին, սիրտս լցվում է անհուն բերկրանքով ու ջերմությամբ, և զգում եմ, որ ես այս քաղաքի լիիրավ տերերից մեկն եմ, և այսօր ոչ թե իմ բակը Երևանն է, այլ Երևանն է իմ բակը: Ամռանը ես ծնողներիս հետ Իտալիայում էի: Հանդիպեցինք երկու սփյուռքահայերի, որոնցից մեկը եղել էր Երևանում: Նա այնքան հիացած էր խոսում մեր քաղաքի մասին, որ կարծես դրախտում էր եղել և ոչ թե սովորական քաղաքում: Խոսելու ընթացքում ժպիտը երբեք չանհետացավ նրա դեմքից: Մի պահ միայն ընդհատեց խոսքը՝ զրուցակցին խորհուրդ տալու համար. անպայման այցելի Երևան, որպեսզի լավ հասկանա՝ ինչ է նշանակում ունենալ սեփական քաղաք, որը հաստատապես քոնն է, որը անմատչելի է ուրիշներին, որի հողին ոտքդ համարձակ ես դնում և ստիպված չես վախվորած մի կողմ քաշվել, որ ուրիշներն առաջինը անցնեն, որովհետև նրանք են այդ քաղաքի իսկական տերերը: Ուսուցչուհիս մեզ հայրենասիրության դասեր տալիս հաճախ է հիշում Պ. Սևակի խոսքը. §Օտար հողի վրա որքան էլ ազատ լինես, մի տեսակ անազատ ես, իսկ քո հայրենիքում որքան էլ անազատ լինես, մի տեսակ ազատ ես¦: Իմ սիրելի՛ Երևան, դու՝ որպես իմ փառապանծ հայրենիքի դրոշակակիր, տալիս ես ինձ այդ §մի տեսակ¦ ազատությունը, որն էլ ապահովում է իմ ժպիտն ու ինքնավստահությունը: Կեցցե՛ս, հավերժանա՛ս, իմ Երևա՛ն: Դու ես աշխարհում մեզ ներկայացնողը, մեր հպարտությունն ապահովողը: Ես՝ որպես քո փոքրիկ մաս, կանեմ իմ կարողացածը, որ միշտ ծաղկես, հավերժանաս ու աշխարհիին ապացուցես, որ բիբլիական այս հողում ծվարել է մի ժողովուրդ , որը կա, լինելու է ու դեռ շատանալու է: Իմ Երևա՛ն, ես քեզ սիրում եմ ,դու իմ ժպիտն ես, իմ երջանկությունը: