Մրցույթներ

"ԻՄ ՍՐՏԻ ՈՒՂԵԿԻՑ" շարադրությունների մրցույթ - 2013
Սարգսյան Գայանե
Դպրոց՝ Երևանի 104

Դասարան՝ 7-րդ ա
Ես քո ժպիտն եմ, Երևա'ն
Այգաբացն այնքան շենշող էր ու գրավիչ, որ սիրտս թպրտում էր ուրախությունից ու հրճվանքից: -Բարև, նո'ր օր, ողջու՜յն, արեգա'կ,ողջու՜յն , հարազա'տ քաղաք... Շտապում եմ դպրոց: Այնքան բան ունեմ սովորելու, հասկանալու: Ժպտալով բարևում եմ բոլորին: Հիմա ներս կմտնի գրականության ուսուցչուհիս, ու մենք կխոսենք Չարենցի մասին: Նորից կժպտամ ես. շատ եմ սիրում Չարենցին, սիրում եմ նրա <<արևահամ բառերը>>: Ուսուցչուհիս էլ է ժպտում: Նա մոտեցավ գրատախտակին ու գրեց նոր շարադրության վերնագիրը` <<Քո ժպիտն եմ, Երևան>>: Ես կրկին ժպտացի: Ժպտացին աչքերս, ժպտաց սիրտս: Չգիտեմ ինչու, պատկերացրի Երևանի փողոցներում` բարձր սյուների վրա` պաստառներ իմ նկարով: Իմ մազերն արձակ են, քամին ծածանում է այն, ու ես ժպտում եմ իմ քաղաքին ու քաղաքացիներին: Ժպտում եմ ես, ու մարդիկ, նայելով ինձ, իրենք էլ են ժպտում ակամա. իմ ժպիտը վարակիչ է հավանաբար: Ահա մի ծեր տատիկ է անցնում: Նա մենակ է, տխուր աչքերով (տեսնես` ինչ է եղել): Նա նայում է ինձ ու ժպտում: Ես այդ մտքից ուրախանում եմ. ուրեմն կարողացա այդ տատիկին ուրախություն պարգևել: Խմբով անցնում են իմ հասակակիցները: Նրանք ուրախ են ու կատակում են շարունակ: Ես էլ նրանց հետ հրճվում եմ ասես: Նրանք մի թեթև հայացք են նետում ինձ վրա ու անցնում ժպտալով: Նրանցից մեկը` մի խարտյաշ ու քնքուշ աղջիկ, ետ է մնում խմբից ու … ժպտում են նրա աչքերը… Ահա', ահա'… Անցնում են երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնք մի քիչ վերևից են նայում ինձ ու ժպտում: Իրենք արդեն մեծ են ինձանից: -Ի՜նչ անուշիկ ժպիտ ունի, չէ՞,- ասում են իրար: Մթնեց: Բոլորն շտապում են տուն: Քաղաքում հատուկենտ անցորդներ են մնացել: Ես չեմ դադարում ժպտալուց: Ժպտում եմ վերջին անցորդներին, ժպտում եմ իմ քաղաքին, որ հանգստանում է օրվա ծանր հոգսերից` վաղը նոր օր սկսելու համար: Ժպտում եմ փողոցներին, որոնք կամաց-կամաց դատարկվում են ու թեթևանում: Ժպտում եմ նորակառույց շենքերին: Խանութների ապակիների ետևից ինձ են նայում հարսանեկան ճերմակափրփուր զգեստ հագած մանեկեններն ու ժպտում են: Չգիտեմ, երազ էր սա, թե երազանք, բայց ինձ շատ դուր եկավ այս միտքը: Կարծես իմ քաղաքին պակասում է հենց իմ ժպիտը: Ու ես ամենևին էլ դեմ չեմ, որ իմ ժպտադեմ պատկերով պաստառներ կախվեն Երևանի փողոցներում, որ մարդիկ նայեն ինձ ու ժպտան: Եվ թող պաստառների վրա գրվեն հենց այս բառերը` <<Ես քո ժպիտն եմ, Երևա'ն>>: