Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 66
Մարիա Նանյան Արմենի
Դպրոց՝ 139

Դասարան՝ 8-1
Իմ օրագրի տխուր և ուրախ էջերը
Երկար մտածելուց հետո ես որոշեցի գրեմ այս շարադրությունը: Ի՟նչ է նշանակում օրագրի տխուր և ուրախ էջեր: Ես դա հասկանում եմ այսպես. երբ ես բարձր գնահատական եմ ստանում, օրագրիս էջն ուրախ է, և ես էլ եմ ուրախ, երբ ստանում եմ ցածր գնահաատական, էջս ինձ նման տխուր է: Եթե բացեք իմ օրագիրը, ապա կմտածեք, որ ես շատ ուրախ, գերազանց սովորող աշակերտուհի եմ, սակայն դա այդպես չէ և չի համապատասխանում իրականությանը: Հիմա ես կգրեմ, թե ինչու:
Ես դեռ սովորում էի յոթերորդ դասարանում, երբ հիվանդացավ իմ տատիկը: Անկեղծ ասած ես աշխատում էի լավ սովորել, օգնել մայրիկին ու տատիկին, փոքրիկ եղբորս, սակայն այդքան էլ լավ չէր ստացվում: Դա գնահատականներս չէր բարձրացնում, իսկ երևակայությունս զարգանում ու ընդլայնվում էր: Դասերս սովորելիս մտքերս այստեղից այնտեղ էին սավառնում, այնտեղից էլ` այստեղ: Հա', ճիշտ եմ ասում:
Օրինակ, ասեմ, թե ուր էին թռչում մտքերս: Հորաքրոջս տանը բուխարիկ կա, և ես շատ եմ սիրում նստել ու երկար նայել կրակին: Երբ ես գնում եմ նրանց տուն, վերցնում եմ դասագիրքս ու նստում եմ բուխարիկի մոտ` դաս անելու: Մեկ անգամ կարդալուց հետո ուշադրությունս գրավում է կրակը, ու ես ընկնում եմ երևակայության գիրկը... Ենթադրենք` ես ունեմ կախարդանքի մեկ հնարավորություն, ինչ կանեմ ես: Իմ կախարդանքով ես ամբողջ հայ ժողովրդից կհեռացնեմ նրանց անհանգստացնող և հիվանդացնող ցավերը, կվերացնեմ նաև մեր մեջ եղած չար նախանձը: Հետո այդ նյութից կպատրաստեմ վառելիք ու կայրեմ բուխարիկի մեջ: Իմ նորամուծության համար իմ քիմիայի ուսուցչուհին ինձ գերազանց կգնահատի, և դա կլինի օրագրի ուրախ էջ: Յուրաքանչյուր պատրաստված վառելանյութը կայրվի յուրովի, որովհետև ցավերը տարբեր են, իսկ ես կնստեմ կրակի առջև ու կնայեմ, թե ինչպես են այդ ցավերը ցավով այրվում վառելիքի տեսքով, հալվում, ծռվում, ճնշվում, լացում ու հեկեկում: Չեմ խղճա նրանց ու կցանկանամ, որ նրանք այրվեն ու այրվեն` մինչև վերջին ցավը: Ու այդ ժամանակ ֆիզիկայի ուսուցչուհին ինձ համարժեք գերազանց գնահատական կնշանակի ըստ ֆիզիկայի օրենքի:
Մեծ հաճույքով կայրեմ մեր թագավորների ու իշխանների միջնադարյան անհամերաշխությունը, հետո բոլոր պատերազմներից, Մեծ Եղեռնից, Սումգայիթում և Բաքվում հայերին հասցրած բոլոր ցավերը:
Հետո պատմության, կենսաբանության, աշխարհագրության, անգլերենի և ռուսերենի, մաթեմատիկայի և այդպես շարունակ բոլոր ուսուցչուհիները ինձ գերազանց կգնահատեն: Իմ օրագիրը կլցվի ուրախ էջերով, իսկ այրվող ցավերի ծուխը կհասնի այն անգութներին, որոնք մինչև օրս էլ չեն հասկանում, որ անմարդկային արարքը երբեք չի ներվում: Երևի թե նրանք հասկանան, որ ութերորդ դասարանցի հայ աղջնակն իրենց լավություն է անում` այրելով իրենց մեջ եղած չարությունն ու նախանձը, և իրենք փրկվում են իրենց արատներից:
Ես շարադրում եմ իմ պատկերացումը, ցանկանում եմ, որ այն կատարվի: Ես դա կանեի հայերի համար ոչ թե այն պատճառով, որ հայ եմ, այյլ այն պատճառով, որ մենք գտնվում ենք աշխարհագրական բարենպաստ տարածաշրջանում, սակայն ոչ բարենպաստ պայմաններում` չունենք ո'չ ծով, ո'չ նավթ, ո'չ գազ և ո'չ էլ այլ բնական հանածոներ, և շատ հեշտ է մեզ փակուղու մեջ դնել:
Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում,
Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում...
Սա իմ օրագրի տխուր էջերից է:
Այս հանրաճանաչ խոսքերով եմ ավարտում իմ շարադրությունը և փորձում ցույց տալ, որ իմ օրագրի ուրախ և տխուր էջերը թերթելով, թերթում եմ իմ հայ ժողովրդի պատմության էջերը: