Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 2126
Լուսինե Նալբանդյան Գառնիկի
Դպրոց՝ 112

Դասարան՝ 10-4
Կրթության կարևորությունը / դերը իմ կյանքում եվ ժամանակակից աշխարհում
Երբ մտորում եմ կրթության դերի ու կարևորության մասին, ակամայից հիշում եմ իմ անցած ուղին:
Ես ծնվել ու հասակ եմ առնում մտավորական մի ընտանիքում, ուր միշտ կարևորվել է կրթության դերը: Ինձ միշտ շրջապատել են բազմաթիվ ու տարաբնույթ գրքեր: Իմ ականջը սովոր է եղել միշտ լսել հայ ժողովրդի բազմադարյան պատմության ելևէջների մասին: Իմ ծնողներն ինձ միշտ ներշնչել են այն գաղափարը, որ լիարյուն և լիարժեք մարդ-քաղաքացի կարող է դաստիարակվել միայն ճշմարիտ ու հաստատուն կրթության ճանապարհով: Եվ այդ մտայնությունը ինձ տարավ մեր պատմության խորքերը` դեպի ոսկեդար, երբ ժամանակի մեծագույն մտածողներ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը հասկացան, որ սեփական գիրն ու գրականությունը միայն կարող են դառնալ ազգային հաստատուն կրթության հիմքը:
Դրանից հետո անցել են բազմաթիվ դարեր: Մենք ունենք նույնիսկ մեծ ու հզոր ազգերին պատիվ բերող քնարերգություն, գրականություն, ստեղծել ենք նյութական ու հոգևոր մեծ արժեքներ: Մեր արյունից մի կաթիլ ենք տվել համաշխարհային քաղաքակրթությանը:
Աշխարհն այսօր ապրում է քսանմեկերորդ դարը: Այսօրվա սերունդը ժառանգել է իրենց պապերի ստեղծած հոգևոր ու նյութական արժեքները, քաղաքակրթության ողջ գանձարանը: Բայց եթե որևէ սերունդ կանգ առնի այդ առաջընթացի ճանապարհին, դա կլինի կյանքի ու աշխարհի վերջը. չէ՞ որ հողագունդն էլ ապրում է շարժման մեջ:
Եվ այսօր, առավել քան երբևիցե, կարևորվում է կրթության դերը: Հայ երիտասարդները ևս գտնվում են համաշխարհային քաղաքակրթության ուղեծրի մեջ: Եվ կանգ առնել` նշանակում է դուրս մնալ այդ ուղեծրից: Իհարկե՛, այժմ հասարակության մեջ շատ չեն այն աշակերտները, որոնք գիտակցում են հային արժանավայել կրթություն ստանալու ողջ կարևորությունը: Ինչու՞ այսօր խելացի հայ մասնագետները` որպես բարձրակարգ կադրեր, պետք է աշխատեն այլ պետություններում և զարգացնեն ու հզորացնեն օտար երկրները: Ես էլ հայի զավակ եմ, և ի՞նչ. տարիներ հետո, երբ ես լինեմ միջազգային ստանդարտներին համապատասխան մասնագետ, ես է՞լ պետք է աշախատեմ այլ երկրի համար: Երբե՛ք, կրթությունն իմ կյանքում աննկարագրելի դեր ունի:
Այսօր ես գերազանց եմ սովորում, քանզի գիտակցում եմ, որ գրագետ ու բազմակողմանի զարգացած լինելը և մասնագիտություն ունենալը կյանքում ամուր ոտքերի վրա կանգնելու գրավականն են. դրա իրականացման առաջին քայլն ընձեռում է դպրոցը:
Դպրոցն ինձ համար կարծես մի մեծ բազմանկյուն լինի: Երբ ես սկսում եմ միացնել այդ բազմանկյան տարբեր ծայրերը, ինձ համար բացվում են շատ փակ դռներ ու ճանապարհներ. հեռվից ինձ ժպտում է բազմախոստում ապագան:
Ցանկացած երկրի հիմքը հզոր է, երբ հզոր է մտավոր ներուժով և զորեղ է ֆիզիկապես. կրթությունը ապահովում է մեր հոգևոր արժեքները, իսկ բանակը` մեր ազգի ֆիզիկական գոյությունը: Քանի որ մեր երկիրը չունի բնական ռեսուրսներ, երկրի հզորության հիմքը պետք է դառնա կրթված ու գրագետ մարդը, որի ձևավորման հնարավորությունը տալիս է ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոցը: Իսկ ի՞նչ է նշանակում ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոց: Դա նախ և առաջ համակարգված ուսուցումն է, որտեղ չկան արտոնյալ աշակերտներ և արտոնյալ առարկաներ: Ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչներ պետք է լինեն լեզուների և համակարգչային հմտությունների ուսուցումը, որը թույլ կտա ապագա քաղաքացուն շփվել համաշխարհային մշակույթի նվաճումների հետ և կարողանալ ստանալ համապատասխան տեղեկատվություն: Զուր չեն ասում, որ մարդկության <<ամենամեծ>> հարստությունը տեղեկատվությունն է: Ժամանակակից կրթության այլ կարևոր բաղադրիչներ պետք է հանդիսանան համապատասխան որակավորմամբ դասավանդողները, սովորողների ընտանիքների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացին, սովորողների առողջության վատացումը բացառող պայմանների առկայությունը, ուսուցման տարբեր ձևերի` դասախոսությունների, գործնական պարապմունքների, խաղերի, մտավոր խնդիրների առաջադրման և այլ մեթոդների կիրառումը: Դպրոցում նշված բաղադրիչները պետք է հանդես գան միաժամանակ, լինեն ներդաշնակ և գործեն նպատակամղված, որի արդյունքում կունենանք բազմակողմանի զարգացած, մասնագիտական տեսանկյունից կողմնորոշված շրջանավարտ` պատրաստ կյանքի ընթացքում ճիշտ որոշումներ կայացնելու:
Ես կոչ եմ անում կրթությանն առնչվող բոլոր սրտացավ ու բանիմաց մարդկանց միասնաբար շարունակել ժամանակակից դպրոցի կերտումը:
Եկե՛ք, համայն աշախարհի հայեր, եկե՛ք միասին հզորացնենք մեր կրթական համակարգը և հասնենք նրան, որ մեծն Խորենացին նայի երկնքից և ժպտալով ասի. <<Հպարտ եմ քեզնով, հայո՛ց աշխարհ, փառաբանում եմ քեզ` շատ ու շատ ազգերի մեջ վեհագույնիդ>>: