Առողջապահություն

Ինչպես օգնել խեղդվողին

Ջրահեղձումն այնպիսի վիճակ է, որն առաջանում է շնչառական ուղիներ ջրի թափանցման և ուղեղի ու այլ հյուսվածքների թթվածնային սուր քաղցի հետևանքով:

Խեղդվելու պատճառները տարբեր են, օրինակ`   լողալ չիմանալն ու արգելված վայրերում կամ փոթորիկի ժամանակ լողալը: Հաճախ մարդ ջրահեղձ է լինում այն պատճառով, որ դժվար իրավիճակում կորցնում է իրեն, խուճապի մատնվում`   մոռանալով, որ իր մարմինը թեթև է ջրից և ոչ մեծ ջանքերի շնորհիվ այն կարող է շատ երկար ժամանակ գտնվել ջրի մակերևույթի վրա. պարզապես պետք է այդ ընթացքում միայն թեթևակի «թիավարել» ձեռքերով և ոտքերով:

 

Ջրահեղձման ժամանակ ներշնչելիս խեղդվող մարդու թոքերը լցվում են ջրով, և շնչելը դառնում է ավելի դժվար, ի վերջո, նա կորցնում է գիտակցությունը, բայց շնչառական շարժումները շարունակվում են: Խեղդվողը ջրի տակ կարող է շունչը պահել 90 վայրկյան: Որոշ ժամանակ անց (3-5 րոպե) տեղի է ունենում սրտի կանգ և եթե խեղդվողին դուրս չբերեն ու օգնություն չցուցաբերեն, ապա գլխուղեղի կեղևում տեղի կունենան անդարձելի փոփոխություններ: Ըստ որում, մեծ նշանակություն ունի ջրի խառը կամ տաք, քլորացված (ջրավազանում), աղի կամ քաղցրահամ, կեղտոտ կամ մաքուր լինելը, կարևոր է նաև, թե ինչպիսին է խեղդվողի վիճակը:

 

Եթե ջուրը սառն է, փրկվելու հնարավորությունը չի փոքրանում անգամ ջրի տակ գտնվելու դեպքում: Քաղցրահամ ջրում տուժածի արյունը նոսրանում է, իսկ ծավալը`   ավելանում: Բանն այն է, որ ջուրն անցնելով թոքեր`   ակտիվորեն ներծծվում է արյան մեջ: 

 

Տարբերում են իսկական կամ «կապույտ» և «գունատ» ջրահեղձումներ: Վերջինիս դեպքում (ջրահեղձում շատ սառը կամ քլորացված ջրում) ջուրը ստամոքս չի հասնում, և շատ սառը կամ քլորացված ջրի հետ անսպասելի շփման ժամանակ առաջանում է ձայնային ճեղքի ռեֆլեկտոր սպազմ, ինչը թույլ չի տալիս, որ ջուրը ներթափանցի թոքեր, և տեղի է ունենում սրտի ռեֆլեկտոր կանգ: Ջրահեղձումը տեղի է ունենում շատ արագ: Զարգանում է կլինիկական մահվան վիճակ: Խեղդվողի մաշկը դառնում է բաց մոխրագույն: Այստեղից և անվանումը`   «գունատ» ջրահեղձում: Ի հայտ է գալիս չնչին քանակությամբ փրփուր, որի հեռացումից հետո մաշկի կամ անձեռոցիկի վրա խոնավ հետքեր չեն մնում: Նման փրփուրին անվանում են «չոր», քանի որ այն չի խանգարում օդի ներթափանցմանը, այդ իսկ պատճառով նրա ամբողջական հեռացման անհրաժեշտություն չի լինում:

 

«Կապույտ» ջրահեղձման ժամանակ ցիանոզը (կապտացում) արտահայտված է: Դեմքը և պարանոցը կապտամոխրագույն են, պարանոցի երակները`   փքված, քթից և բերանից հոսում է վարդագույն փրփուր: Սա հանդիպում է լողալ չիմացողների, հարբած վիճակում գտնվողների, երբեմն, նույնիսկ լավ լողորդների մոտ: 

 

Ջրահեղձվողին ջրից հանելու ժամանակ անհրաժեշտ է նրան մոտենալ միայն մեջքի կողմից: Բռնելով նրա մազերից կամ թևատակից, պետք է շրջել դեմքով վեր և լողալ դեպի ափ, թույլ չտալով, որ նա բռնվի օգնություն ցուցաբերողից: Ջրից դուրս հանելուց հետո անհրաժեշտ է ջրահեղձվողին շրջել փորի վրա այնպես, որ նրա գլուխը մարմնից ցած լինի, որից հետո բերանը և ըմպանը հնարավորինս արագ մաքրել օտար առարկաներից, պառկեցնել փորին`   օգնողի ծնկների վրա այնպես, որ գլուխը կրծքավանդակի մակարդակից ցած լինի: Բերանի խոռոչը և ըմպանը մաքրում են երկու մատով`   փաթաթած անձեռոցիկով կամ կտորով: Այս ամենը պետք է կատարել մի քանի անգամ, սեղմելով լեզվի արմատը`   փսխման ռեֆլեքս առաջացնելու, ինչպես նաև շնչառությունը խթանելու համար: Նշված միջոցառումներն անհրաժեշտ է կրկնել 5-10 րոպեների ընթացքում այնքան ժամանակ, մինչև ջրի արտազատումը դադարի: Եթե սեղմելուց հետո լսվում է «է» բնորոշ հնչյունը և փսխում է սկսվում, որի մեջ լինում են սննդի մնացորդներ, ուրեմն տուժածը կենդանի է: 

 

Վերակենդանացումը պետք է սկսել արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում կատարելուց: Տուժածին պառկեցնում են կոշտ մակերեսի վրա (հատակին), կրծոսկրի ներքևի մեկ երրորդ մասին բռունցքով հասցնում կարճ, կտրուկ հարվածներ: Դրանից անմիջապես հետո որոշում են զարկերի առկայությունը քներակի վրա: Երբեմն մեկ հարվածը բավական է լինում, որ սիրտը աշխատի, որից հետո սկսում են թոքերի օդափոխությունը: Անարդյունավետության դեպքում օգնություն ցուցաբերողը տուժածից ձախ, ծնկած, երկու ափերով սեղմում է կրծոսկրի ստորին մեկ երրորդ մասը (միջին գծից 2 սմ ձախ), րոպեում 60-80 անգամ այնպիսի ուժով, որ մեծահասակների կրծոսկրը ներս ընկնի 3-5, դեռահասներինը`   2-3, իսկ մեկ տարեկան երեխաներինը`  1 սմ-ով: 

 

Սրտի անուղղակի մերսումը զուգակցում են արհեստական շնչառությամբ: Վերակենդանացման միջոցառումները երկուսով անցկացնելիս սկզբում թոքերի մեջ օդ են «փչում», որից հետո սրտի մերսման 5-6 հարված կատարում: Եթե մեկն է օգնություն ցուցաբերում, ապա իրար հետևից թոքերի մեջ 2 անգամ օդ «փչելուց» հետո կատարում է մերսման 15 հարված: Վերակենդանացումը պետք է շարունակել կամ մինչև սրտի ինքնուրույն գործունեության և շնչառության վերականգնումը, կամ մինչև շտապ օգնության հասնելը, կամ`   մինչև մահվան ակնհայտ նշանների ի հայտ գալը: 

 

Պետք է հիշել, որ ջրահեղձման ժամանակ վերակենդանացումը իրականացվում է 30-40 րոպեների ընթացքում, որը ճիշտ կատարելու շնորհիվ նվազում է շատ ծանր բարդությունների զարգացման ռիսկը: Անկախ տուժածի ինքնազգացողությունից, նրան պետք է շտապ հասցնել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

 

Թոքերի այտուցի նշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ նստեցնել կամ գլխին բարձր դիրք տալ: 

 

Տուժածի գլխուղերի այտուցի դեպքում (կոմատոզ վիճակ, հաճախակի փսխումներ, ցնցումներ) անհրաժեշտ է գլխին սառը դնել`   բարդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար:

 

Հաշվի առնելով, որ հանրապետությունում ջրահեղձման ողբերգական դեպքերը հազվադեպ չեն, մանավանդ ամռանը`   ակտիվ հանգստի շրջանում, ուստի պետք է բացատրական լայն աշխատանք տանել`   դժբախտ պատահարների կանխարգելման ուղղությամբ:

 

Հեղինակ`   Սիրուշ Արզականյան
ՀՀ պետական մանկավարժական համալսարանի բժշկագիտության և արտակարգ իրավիճակների ամբիոնի դասախոս

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: