Հանրագիտարան

Կարեն Խաչատրյան

Կարեն Սուրենի Խաչատրյանը (1920թ.-ի սեպտեմբերի 19, Մոսկվա - 2011թ.-ի հուլիսի 19, Մոսկվա) Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի և թատրոնին կից ինստիտուտ-ուսումնարանի հիմնադիրներից մեկի`   Սուրեն Խաչատրյանի որդին էր: Սուրեն Խաչատրյանը`   Արամ Խաչատրյանի եղբայրը, ահռելի ներդրում ունի ռուսական թատերական մշակույթում:
Կարեն Խաչատրյանը պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի (2007թ.), «Պատվո» (2000թ.), «Բարեկամության» (1995թ.) շքանշաններով: Նա ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր էր (1976թ.), Մոսկվայի քաղաքապետարանի մրցանակի դափնեկիր (1999թ.):
 
2001թ. Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստացել է երկրորդ Պետական մրցանակը: 1952թ.-ից Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր էր:
 
Նրա սաներն են եղել համաշխարհային հռչակ վայելող Ա. Շնիտկեն, Ս. Գուբայդուլինան, Ա. Վիեռուն, Ա. Չայկովսկին և այլք: 1957թ.-ից ԽՍՀՄ (ՌԴ) կոմպոզիտորների միության անդամ էր, ՌԴ կոմպոզիտորների միության քարտուղար, Դ. Շոստակովիչի միջազգային միության անդամ:
 
Բազմաթիվ միջազգային երաժշտական համաժողովների մասնակից էր՝  Պ. Ի. Չայկովսկու անվան (1998թ.), Դ. Շոստակովիչի անվան դաշնակահարների մանկապատանեկան (1995թ., 1999թ.), ջութակահարների միջազգային (Բելգրադ, 1976թ.), դաշնակահարների միջազգային (Մոնրեալ, 1985թ.), Բալետի միջազգային (1997թ.), Ա. Խաչատրյանի անվան (2003-2009թթ.) մրցույթների նախագահ:
 
Հեղինակն է «Չիպոլինո» և «Բելոսնեժկա» բալետների, օպերետների, օրատորիաների, սիմֆոնիաների, թավջութակի կոնցերտի, ջութակի համար գրված սոնատի (առաջին կատարողը Դավիթ Օյստրախն էր), թավջութակի համար գրված սոնատի (առաջին կատարողը Մստիսլավ Ռոստրոպովիչն էր), երկու կվարտետների:
 
Կարեն Խաչատրյանը երաժշտություն է գրել 40 կինոնկարի համար, այդ թվում`   հանրաճանաչ և սիրված «Չիպոլինո» մուլտֆիլմի: Նրան են պատկանում երկու պետությունների՝ Սոմալիի և Զանզիբարի, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության հիմների երաժշտությունը:
 
Կարեն Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունն ունի վառ արտահայտված ազգային դիմանկար: Այդպիսին են թավջութակի սոնատի արիան՝  ներշնչված միջնադարյան շարականների ու տաղերի գեղեցկությամբ, տոկատան, որի խրոխտ տրամադրությունը հիշեցնում է հայոց աշխարհի ռազմական պարերը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: