Հանրագիտարան

Ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը

Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ Նոր Սահմանադրությունը պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։
ՀՀ Սահմանադրությունն իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։
 
ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի Երրորդ Հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին ՀՀ պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին Հանրապետության դրոշն էր։
 
Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են, իսկ վահանի կենտրոնական հատվածում պատկերված է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվեց Առաջին Հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք»-ը։
 
Սկսեցին ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ։ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատումով։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։
 
ՀՀ տարածքային կառավարման կառուցվածքի բարելավման նպատակին էին ծառայում 1995թ. դեկտեմբերին կատարված վարչատարածքային փոփոխությունները և նոր միավորումների՝ մարզերի ու համայնքների հիմնումը։
 
Հանրապետության շուրջ չորս տասնյակի հասնող շրջանների միավորման միջոցով ստեղծվեց 10 մարզ՝ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի։ Դրանց գումարվեց մարզի կարգավիճակ ստացած քաղաքամայր Երևանը։ Մարզերը բաժանվեցին համայնքների։
 
Ձեռնարկվեց նոր դատական համակարգի կազմավորումը, որը հիմնականում ավարտվեց 1999 թվականին։ Հանրապետությունում կատարված տեղաշարժերն առաջացրեցին Սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն։
 
Դրանցից էին ՀՀ նախագահին ընձեռված բացառիկ լիազորությունները սահմանափակելը, ՀՀ Ազգային ժողովի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության ուժեղացումը և այլն։ Նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, և 2005թ. նոյեմբերի 25-ին ընդունվեց ՀՀ Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: