Հանրագիտարան

Աբրահամ Լինքոլն

ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809թ. փետրվարի 12-ին աղքատ գյուղական ընտանիքում: Դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում: Լինքոլնը, սակայն, հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր։

Երբ նա դարռնում է չափահաս, սկսում է վարել ինքնուրույն կյանք, զբաղվել ինքնուսուցմամբ և, տալով քննություններ,  կարողանում է ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միանում է ոստիկանությանը, ընտրվում կապիտան, բայց չի մասնակցում մարտական գործողություններին:

 

Դառնում է նաև Իլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, հանդես գալիս ընդդեմ ամերիկա-մեքսիկական պատերազմին: 1858թ.-ին ընտրվում է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվում է ընտրություններում:

 

Լինելով նոր տարածքներում ստրկության ընդլայնման հակառակորդ`   դառնում է Հանրապետական կուսակցության նախաձեռնողներից մեկը, այդ կուսակցության կողմից առաջադրվում է նախագահի թեկնածու և հաղթում 1860թ. ընտրություններում: Նրա ընտրվելը դառնում է հարավային նահանգների անջատման և Կոնֆեդերացիայի ստեղծման ազդակ:
 
Իր նախագահական երդման ժամանակ երկրի միավորման կոչ է անում, սակայն չի կարողանում կանխել ընդհարումը: Լինքոլն անձամբ էր ուղղորդում պատերազմական գործողությունները, որոնք էլ հաղթանակ են բերում Կոնֆեդերացիայի դեմ պայքարում 1861-1865թթ. Քաղաքացիական պատերազմի ժամանակ:
 
Նրա նախագահական գործունեության շնորհիվ ամրապնդվում է գործադիր իշխանությունը և վերանում ստրկությունն ԱՄՆ տարածքում: Լինքոլնը կառավարության մեջ է ընդգրկում նաև իր հակառակորդներին և կարողանում է նրանց ներգրավել ընդհանուր նպատակի մշակման մեջ: 
 
Նրա նախագահության տարիներին կառուցվում է միջցամաքային երկաթգիծը, ընդունվում ագարային հարցը լուծող Հոմսթեդ ակտը: Լինքոլն աչքի ընկնող հռետոր էր, նրա ելույթները ոգեշնչում են բոլորին և հռետորական վառ ժառանգություն համարվում մինչև այժմ:
 
Պատերազմի ավարտից հետո առաջարկում է չափավոր վերակառուցման պլան ազգային համաձայնության և վրեժից հրաժարվելու վերաբերող: 1865թ.-ի ապրիլի 14-ին Լինքոլնը մահացու վիրավորվում է թատրոնում: Համաձայն համընդհանուր տեսակետի և սոցհարցումների`   նա առաջվա պես մնում է ամերիկյան ամենասիրված նախագահներից մեկը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: