Հանրագիտարան

Նիկողայոս Ադոնց

Հայ պատմաբան Նիկողայոս Ադոնցը (Տեր-Ավետիքյան) ծնվել է 1871թ.-ի հունվարի 10-ին Հայաստանի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում (Սիսիան)։ Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև`   1892-94թթ. Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1899թ. ոսկե պարգևանշանով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետները։ Աշակերտել է Նիկողայոս Մառին։

Հեղինակ է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուս., 1908թ., անգլ., 1969թ., հայ., 1987թ.) կոթողային մենագրության, որտեղ մանրամասն տալիս է Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը, լուսաբանում է վաղ միջնադարյան Հայաստանի նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, Հայաստանի քաղաքական կացությանը վերաբերող հարցեր:

 

1899-1901թթ. Եվրոպայում ուսումնասիրել է բյուզանդագիտություն: 1903թ.-ին եկել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել վրացերեն, աշխատել է Էջմիածնի մատենադարանում: Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908թ., ռուս.) մագիստրոսական ատենախոսությունը, որը պաշտպանել է 1909թ.-ին և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ:
 
1916թ.-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915թ., ռուս.) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում: 1916թ.-ին եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, մասնակցել Վանի հնագիտական արշավախմբին: 1917թ. ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր: 1920թ. մեկնել է Լոնդոն, ապա Փարիզ:
 
1930թ.-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը: «Բյուզանդիոն» հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները: Ադոնցը մահացել է 1942թ. հունվարի 27-ին Բրյուսելում: Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարարնին, իսկ գրքերը Բրյուսելի հայ գաղութին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: