Առողջապահություն

Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. էդիպյան շրջան (3-6 տարեկան)

(Նախատեսված է մանկավարժների և ծնողների համար)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից։ Ուղղության հիմնադիրը`   Զ. Ֆրոյդը, մարդու զարգացման ընթացքը դիտում էր որպես հոգեսեռական բնույթ կրող մի գործընթաց, որի համար որոշիչ դեր ունեցող գործոնը`   սեռական էներգիան կամ լիբիդոն, մանկության տարբեր փուլերում կենտրոնանում է տարբեր էրոգեն գոտիներում։ Չնայած էրոգեն բոլոր օրգաններն ի ծնե պոտենցիալ ակտիվ են, որպես էրոգեն գոտիներ դրանք որոշակի հաջորդականությամբ են հասունանում։ Մանկական տարիքում տարբեր ժամանակահատվածներում ուշադրությունը կենտրոնանում է դրանցից մեկի վրա, որն էլ սկսում է դառնալ հաճույքի ամենակարևոր կենտրոնը։

Երեք տարեկանի շրջանում սկիզբ է առնում, այսպես կոչված, ֆալիկ փուլը, երբ երեխան սկսում է հետաքրքրվել իր և, առհասարակ, մարդկանց սեռական օրգաններով։ Գրեթե նույն շրջանում է, որ երեխան սկսում է գիտակցել, որ մայրը ուշադրության ու հոգատարության է արժանացնում ոչ միայն իրեն, այլև իր եղբայրներին ու քույրերին և հատկապես`   հորը։ Շատ հաճախ, եթե ծնողներն ուշադիր չլինեն, 2-3 տարեկան երեխաները խանդից կարող են վնասել ավելի փոքր երեխաներին։ Փոքրիկների նկատմամբ խանդն ու թշնամանքը նաև խոսքային արտահայտություն են գտնում`   հաճախ դրսևորվելով որպես նրանց մահվան ցանկություն («Իսկ ե՞րբ է նա նորից մահանալու»)։ 

Ինչ վերաբերում է հայրերի նկատմամբ երեքամյա տղաների տածած զգացմունքներին, ապա հարցն առավել քան բարդ ու բազմիմաստ է դառնում։ Նախ և առաջ դա խորը թշնամանքն է։ Մայրը, որն, ըստ Ֆրոյդի, տղայի առաջին սիրո օբյեկտն է և որի հետ երազում է ամուսնանալ, պատկանում է հորը։ Սա շատ խորը հուզական հակասություն ու զգացմունքների խառնաշփոթ է առաջ բերում փոքրիկ տղայի հոգում։ Եթե քույր-եղբայրների նկատմամբ իր զգացած թշնամանքը նա պետք է հաղթահարի մորը գոհացնելու համար, ապա հոր դեպքում նա ինքն իր դեմ է պայքարում, քանի որ ոչ միայն թշնամանք է զգում հոր նկատմամբ, ոչ միայն վախ, որ կզրկվի հայրական սիրուց և օգնությունից, այլև սեր, իսկ ավելի շատ`   ծայրահեղորեն մեծ հիացմունք, քանի որ մայրն ընտրել է հենց հորը։ Այստեղից էլ`   հայրական բոլոր հատկանիշներն ու արարքները ենթագիտակցորեն ընկալվում են որպես մոր ընտրությանն ու ամբողջական նվիրվածությանն արժանանալու եզակի ճանապարհ, և աշխարհում ամենից շատ տղան հորն է ձգտում նմանվել`   նմանակելով նրա արարքները, խոսքերը, շարժուձևը։
 
Այս շրջանը, որ, իր իսկ խոսքերով, Ֆրոյդը չափազանցրել և «կենաց ու մահու պայքարի մասշտաբներ է հաղորդել», անվանել է «Էդիպյան շրջան»`   Էդիպ արքայի անունով, որը սպանել է հորն ու ամուսնացել մոր հետ։ Աղջիկների մեջ նույն զգացմունքները հակառակ սեռի ծնողի նկատմամբ արտահայտվում են, այսպես կոչված`   Էլեկտրայի բարդույթով։
 
Ընտանիքի, ծնողների հարաբերությունների, դաստիարակության առանձնահատկությունները որոշում են, թե նշված բարդույթներն ինչ զարգացում կունենան, ինչ կնիք կթողնեն երեխայի հոգեկան աշխարհի վրա։ Բարդությունների տեղիք կարող է տալ դաժան դաստիարակությունը, սիրո պակասը, անտարբերությունը, ծնողներից որևէ մեկի բացակայությունը։ Երեխայի մեջ այս առաջին բնական զգացմունքների հետ կապված աղավաղումները կարող են հետագայում նրան հոգեբանական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել (ասենք՝ բնավորության բացասական գծերը, թմրամոլությունը, ընտանիք կազմելու, մարդկանց հետ նորմալ հարաբերություններ կառուցելու դժվարությունները և բազմաթիվ այլ խնդիրներ հոգեվերլուծաբանները հենց այս տարիքային շրջանի բացասական ազդեցությունների հետ են կապում)։
 
Էդիպյան շրջանի վերջում վերջնականապես տարանջատվում են անձի հիմնական ենթակառույցները`   Ես-ը (գիտակցության, կամքի կրողը), իդեալական Ես-ը (բարոյականության, իդեալների կրողը`   գեր-եսը) և Իդ-ը (բնազդների կրողը)։ Այս շրջանում ձևավորվում է բնավորությունը, երեխան, նույնանալով նույն կամ հակառակ սեռի ծնողի հետ, ասես իր մեջ է առնում նրա բարոյականությունը, բնավորության գծերը, վարքային դրսևորումները։ Այս շրջանում են ձևավորվում մի շարք բարդույթներ`   հուզականորեն հագեցած պատկերացումներ, հիշողություններ (տղաների մեջ`   թշնամական վերաբերմունք, վախ և հիացմունք հոր նկատմամբ, սեր`   մոր նկատմամբ, աղջիկների մեջ`   թշնամանք մոր, նախանձ`   տղամարդկանց նկատմամբ), ենթագիտակցական վերաբերմունք նույն և հակառակ սեռի մարդկանց, նույնիսկ օրենքի և իշխանությունների նկատմամբ։ Էդիպյան շրջանն իր ազդեցությունն է ունենում նաև հետագայում կողակցի ընտրության հարցում, ընդհանրապես սեռական կյանքում։ Չնայած որ մանկական շրջանը մոռացվում է, բայց հակառակ սեռի ծնողի նկատմամբ տածած ու ենթագիտակցականում պահպանված այս վաղ զգացմունքները ստիպում են մարդուն ընտրել այնպիսի մեկին, որ հիշեցնում է իր մանկական սերը։ Սակայն շատ հաճախ ընտրությունը կանգնում է լրիվ հակապատկերը հանդիսացող մարդու վրա։
 
Վերջում մի քանի խոսք այս ճգնաժամային շրջանում երեխայի դաստիարակության մասին։ Նախ և առաջ ծնողը պետք է հստակ գիտակցի, թե այս շրջանում ինչ է կատարվում երեխայի հոգում և առաջին «սիրո», և «խանդի» այս դրսևորումներին (ասենք, երբ 4 տարեկան տղան ակնհայտ թշնամանք է դրսևորում հոր նկատմամբ կամ հայտարարում է մորը, թե ինքը կամուսնանա նրա հետ, ցուցադրում իր սեռական օրգանները կամ խաղում դրանցով) ըմբռնումով մոտենա և ոչ թե կոպտի կամ ծեծի երեխային։ Առաջարկվում է հումորով վերաբերել նման դրսևորումներին և բացատրել, որ ծնողը գիտի այն խնդիրների մասին, որ տանջում են երեխային։ Պետք է առանց կոպտելու ներկայացնել, թե ինչն է ամոթ, ինչն է կարելի, ինչը`   ոչ։ Չի կարելի երեխայի հետ լողանալ, լավ կլինի, որ ծնողները երեխայի հետ նույն անկողնում չքնեն։ Սեռական ոլորտին վերաբերող երեխայի հարցերին այս տարիքում շատ ավելի հեշտ է մատչելի ձևով պատասխանել կամ ասել, որ այդ մասին դու կիմանաս, երբ մեծանաս։ Կարևոր է աղջիկներին ներկայացնել, թե ինչ առավելություն ունի իրենց օրգանիզմը (ասենք, տղաները կուրծք չեն ունենում, իսկ աղջիկներն ունենում են, երբ մեծանում են) և նշել, որ նրանք տղաներից ոչնչով պակաս չեն:
 

Հեղինակներ՝ հոգեբանության գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Խուդոյան, հոգեբան Սիրինա Առաքելյան

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: