Հանրագիտարան

Մաթեմատիկա

Մաթեմատիկան այն գիտելիքների ու հմտության ամբողջությունն է, որն օգնում է խուսափելու ավելորդ վերահաշվումներից, սովորեցնում հայտնի մեծության օգնությամբ որոշել անհայտը:

Մաթեմատիկայի հիմնական բնագավառներից են թվաբանությունը, երկրաչափությունն ու հանրահաշիվը: Այսպես կոչված «մաքուր» մաթեմատիկոսներին հետաքրքրում են ամենաբազմազան վերացական խնդիրներ, օրինակ՝ տարբեր թվերի և պատկերների միջև եղած հարաբերակցություններն ու ընդհանուր օրինաչափությունները: Այլ մաթեմատիկոսներ զբաղվում են մաթեմատիկայի նվաճումները տարբեր բնագավառներում (օրինակ`   բնական գիտություններում և ճարտարագիտական մշակումներում) կիրառելու հարցերով:

Մաթեմատիկական հաշվարկների հիման վրա են կառուցվում ժամանակակից ամենաբարդ սարքերը՝ համակարգիչներն ու տիեզերանավերը:
 
Մաթեմատիկան զարգանում և փոփոխվում է զուտ մաթեմատիկական հետաքրքիր խնդիրների (նաև խաղերի) հայտնաբերման ու դրանց լուծման ճանապարհով: Աշխարհի մաթեմատիկոսները հաճախ միմյանց հետ քննարկում են առավել կարևոր խնդիրներն ու որոշում, թե ովքեր են ճիշտ լուծումներ գտել: 
 
Մաթեմատիկայի պատմությունից
 
Մարդիկ մաթեմատիկայով զբաղվել են անհիշելի ժամանակներից: Սակայն մաթեմատիկան զարգացման որոշակի մակարդակի հասավ Հին Հունաստանում, որտեղ ամենահայտնի մաթեմատիկոսներից էր Պյութագորասը: Նրան հռչակ բերեց երկրաչափության մեջ հայտնաբերած իր մի թեորեմը, որը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի մեծությունների միջև, և հայտնի է Պյութագորասի թեորեմ անունով:
 
Բազմաթիվ հայտնի մաթեմատիկոսներ իրենց տաղանդը դրսևորել են դեռևս վաղ տարիքում: XVII դարի ֆրանսիացի մաթեմատիկոս Բլեզ Պասկալը հանրահաշվի մասին իր աշխատությունը հրապարակել է ընդամենը 16 տարեկանում, իսկ 20 տարեկանում ստեղծել է թվերը գումարող և հանող մեքենա: Նա նաև աշխատություններ է գրել հավանականության տեսության մասին: 
 
Շուրջ 150 տարի առաջ մաթեմատիկան 2 աստղագետների՝ ֆրանսիացի Լևերիեին և անգլիացի Ադամսին, հուշեց, որ Ուրան մոլորակի շարժման դիտվող փոքր շեղումները կարելի է բացատրել նրանից այն կողմ`   Արեգակից հեռու ընկած ուղեծրով շարժվող անհայտ մոլորակի ազդեցությամբ: Այս 2 աստղագետները հաշվարկեցին ու գտան երկնքի այն տիրույթը, որտեղ հարկավոր էր փնտրել այդ մոլորակը, և երբ աստաղադիտակն ուղղեցին այնտեղ, իսկապես տեսան մի նոր մոլորակ: Դա Նեպտուն մոլորակն էր:
 
Մաթեմատիկան օգնում է նաև կանխատեսել եղանակը, հաշվարկել շենքերի կամարների կառուցումը, արբանյակների ուղեծրերը և այլն:
 
Մաթեմատիկան զարգացած է եղել նաև հին և միջնադարյան Հայաստանում, որի տարածքում հայտնաբերված ամենահին աղբյուրները մ. թ. ա. IX–VII դարերի սեպագիր արձանագրություններն են: Դրանք վկայում են, որ դեռևս այն ժամանակ օգտագործվել է թվարկության որոշակի համակարգ. հատուկ պայմանանշաններով գրվել են ամբողջ ու կոտորակային թվեր, կատարվել գումարման ու հանման գործողություններ: 
Հայաստանում մաթեմատիկական գիտելիքների զարգացման մասին են վկայում հազարամյակներ առաջ կառուցված ամրոցներն ու պալատները, տաճարներն ու եկեղեցիները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը: Հայոց գրերի գյուտից հետո բացված դպրոցներում, ապա նաև համալսարաններում դասավանդվել են նաև մաթեմատիկա և այլ բնական գիտություններ: Հայերն իրենց այբուբենի տառերն օգտագործել են նաև իբրև թվանշաններ, ստեղծել թվարկության հայկական այբբենական համակարգ:
Մեզ հասած հայերեն մաթեմատիկական առաջին ձեռագրերն են VII դարի գիտնական Անանիա Շիրակացու թվաբանության դասագիրքը՝ գումարման, հանման, բազմապատկման ու բաժանման աղյուսակներով, խնդրագիրքը և խրախճանականները: 
Հետագայում գրվել են նոր դասագրքեր, թարգմանվել հատկապես հույն հեղինակների մաթեմատիկական երկերը: Էվկլիդեսի հիմնական աշխատությունը՝ «Սկզբունքները», առաջինը հայերն են թարգմանել բնագրից: Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր դասագիրքը կոչվում է «Արհեստ համարողության» և լույս է տեսել 1675 թ-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում:
 
Կյանքը, մարդկանց գործունեությունը, զարգացող տեխնիկան և մյուս գիտությունները նորանոր խնդիրներ են առաջադրում: Դրանք վճռելու համար մաթեմատիկոսները մշակում ու ստեղծում են նորանոր եղանակներ ու տեսություններ: Իսկ այժմ բազմաթիվ ամենաբարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարելիս անփոխարինելի օգնական են համակարգիչները: 
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: