Հանրագիտարան

Սև ծով

Մակերեսը`   422 հազար կմ քառակուսի։
Առավելագույն խորությունը`   2210 մետր։

Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով`   Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով`   Էգեյան և Միջերկրական ծովին։
Առավել խոշոր ծոցերը`   Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները`   հյուսիս-արևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի`   հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային Բուգ, Դնեպր, Ռիոն, Կզըլ Իրմակ խոշոր գետերը։ 
Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով. մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։
Առավել խոշոր նավահանգիստները`   Օդեսա, Իլյիչովսկ, Նովոռոսիյսկ, Տուապսե, Փոթի, Բաթում, Կոստանցա, Բուրգաս, Վառնա, Տրաբիզոն, Սամսուն, Զոնգուլդակ։

 

Անվանումը
Մ.թ.ա. 6-5-րդ դարերի առաջին հույն ծովագնացները ծովն անվանել են Աքսենյոս (Աքսինյան Պոնտոս «Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Մելաս («Սև ծով»)`   նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները և դժվարությունները։ Մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը յուրացնելով, նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո, այն վերանվանեցին Եվքսենյոս (Եվքսինյան Պոնտոս «Հյուրընկալ ծով»)։ Անանիա Շիրակացին (7-րդ դար) այս ծովը հիշատակում է «Պոնտոս» և «Պոնտական ծով» անուններով։ 9-րդ դարում երևան է եկել «Ռուսական ծով» անվանումը (այս անվանումը հիշատակվել է ռուսական տարեգրություններում և նշվել քարտեզների վրա մինչև 13-15-րդ դարերը)։ 15-16-րդ դարերում թուրքերը, զավթելով Մերձսևծովյան շրջանը, ծովն անվանել են Կարա Դենիզ («Չար (սև) ծով»`   ոչ միայն այն պատճառով, որ եղել է մրրկածուփ ու վտանգավոր, այլև, հնարավոր է, նաև թուրք նվաճողներին Մերձսևծովյան շրջանի ժողովուրդների ցույց տված դիմադրության պատճառով)։ Ծովի անվանման առաջացման մեկ այլ վարկած կապված է աշխարհի կողմերը գույներով նշելու հետ։ Ասիայի ժողովուրդների շատ լեզուներով սև գույնը նշանակում է հյուսիս։
Այսպիսով, Սև ծովը «Հյուսիսային ծով» է։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: