Հանրագիտարան

Լոռու մարզ

Մարզկենտրոնը`   Վանաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   8 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   105 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   122 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   3,789 կմ²
Ամենաբարձր կետը`   Թեժ լեռ (3107 մ)
Ամենացածր կետը`   308 մ
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   392,300 մարդ
Բնակչության խտությունը`   103.5/կմ²
Փոստային ինդեքսը`   1701-2117
ISO 3166-2`   AM.LO
FIPS 10-4`   AM06

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :

Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն`   Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:
 
Բնական ռեսուրսները և հարստությունները
 
Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:
Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Գրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի`   Ռուսաստանին միացած շրջաններ:
Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է`   Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:
Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:
 
Մարզի բնակչությունը
 
Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:
 
Քաղաքները
 
Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:
 
Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:
Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`   «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:
 
1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:
Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: