Հանրագիտարան

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը`   300 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ
Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)`   1.122.000 մարդ
Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ²
Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնակների անվանունը`   Երևանցի
Հեռախոսային կոդը`   +374 (010)
Փոստային ինդեքսները`   0001—0099
Թվային իդենտիֆիկատորը`   AM.ER

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:
 
Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:
 
Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան`   Էրեբունի թաղամասում:
 
Ներկայիս Երևանի`   որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում`   «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևան քաղաքի պատմություն

  • Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած`   գոյություն ուներ ուրարտական ամրոց:
  • Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
  • 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
  • 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
  • 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
  • 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
  • 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
  • 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

Հիմնադրում

Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին`   Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի`   ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։ 
 
Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։
 
Տեսարժան վայրեր
 
Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:
Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ`   13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):
Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում `   Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:
Երևանում է գտնվում Մատենադարանը`   հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):
Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին
 
Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.
  • Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)
  • Աբովյանի պուրակը
  • Երիտասարդական զբոսայգին
  • Կոմայգին
  • Բուսաբանական այգին
  • Կենդանաբանական այգին և այլն:

Տնտեսություն

1975 թ քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ։ Խոշորագույն ձեռնարկություններն են «Նաիրիտ»-ն ու «Պոլիվինիլացետատ»-ը։ Դրանք հումքով էին ապահովում շատ այլ գործարանների։ Այժմ «Նաիրիտ»-ն գործում է հնարավորությունների մի փոքր մասով միայն։ Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել։ Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարաններն։ Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաներն: Որոշ ներդրում ունի նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրություններն:
 
Մշակույթ
 
Երևանը որպես մշակութային քաղաք ունի շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը:
 
Թանգարաններ և գրադարաններ
 
Երևանում գործում են հետևյալ տուն-թանգարաններ. նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը, «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը, Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարանը, Փայտարվեստի թանգարանը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը: Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968 թ), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։ Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: