Նորություններ

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»

Կրթական 2016-06-01

Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում առարկայական շաբաթի շրջանակում V բ դասարանում /ուսուցիչ Գ. Թադևոսյան/ անցկացվեց արտադասարանային ընթերցանության դաս մայրենիից: Թեման Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակն էր: Աշակերտները ներկաներին տեղափոխեցին հրաշք մի մոլորակ, ուր թևածում էր բարությունն ու ընկերասիրությունը, անկեղծությունն ու ճշմարտությունը, որտեղ հերոսներն ապրում էին սրտի օրենքներով, ներքնատեսության օրենքներով: Դասը հագեցված էր համակարգչային նյութերով, որոնց օժանդակել էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Գ. Գալստյանը: Ցուցապաստառին գրողի դիմանկարն էր, նրա կյանքի և ստեղծագործության մասին հետաքրքիր փաստեր, ինչպես նաև աշակերտների կազմած և գեղեցիկ ձևավորած աշխատանքները, պատի թերթը: Աշակերտները աշխուժորեն, իրենց ընկալմամբ մեկնաբանեցին հեքիաթ-վիպակը: Դասն սկսվեց Էքզյուպերիի կյանքի ամենածանր պահերից մեկի ժամանակ գրված աղոթքով, որը հիշեցնում էր շատ կարևոր բաների մասին, որտեղ հեղինակը խնդրում է. Աստվա¯ծ իմ, սովորեցրու՛ ինձ փոքրիկ քայլերի արվեստը… Աշակերտները հանգամանալից և մանրամասնորեն ներկայացրին իրադարձություններով և դիպվածներով լի գրողի կյանքը, որը շրջադարձային էր եղել յուրաքանչյուր 6-րդ տարին՝ սկսած ծնունդից: Նկատեցին, որ ներկայացված բոլոր թվերը կազմում են հետաքրքիր մի շղթա, որն ամրագրված է որպես Սենտ Էքզյուպերի երևույթը հավերժացնող «համաստեղություն»: Բոլորն էլ ակտիվ էին և մեծ ոգևորությամբ, գեղեցիկ մեկնաբանություններով, իրար լրացնելով, արտահայտեցին սեփական կարծիքներ հերոսների գործողությունների շուրջ: Անչափ գեղեցիկ և համոզիչ բնութագրեցին համառ ու իր մեջ մեկ անգամ տված հարցից երբեք չհրաժարվող փոքրիկ իշխանին, այդ հմայիչ ու պայծառ, մաքրամաքուր պարզությամբ էակին, որը վաղուց ընտելացրել է բոլոր նրանց, ովքեր գեթ մեկ անգամ հաղորդակցվել են Էքզյուպերիի հանճարեղ պատմությանը: Հաճելի և տպավորիչ էր հատկապես վարդի՝ քմահաճ ու հուզիչ կերպարի բնութագրումը: Պարզեցին աղվեսի գաղտնիքը, որը շատ պարզ էր. մարդը միայն սրտով է տեսնում. գլխավորն աչքերին տեսանելի չէ: Արտահայտիչ և մեծ հուզմունքով ընթերցեցին փոքրիկ իշխանի կյանքի ամենակարևոր սկզբունքները, որոնք նա իր հետ բերեց իր փոքրիկ մոլորակից և նվիրեց մարդկությանը: Դասն ավարտվեց հեղինակի խնդրանքով. «Երբ մի օր անապատի միջով ճամփորդեք Աֆրիկայում, խնդրում եմ ձեզ, մի՛ շտապեք, մի քիչ դանդաղեք աստղի տակ: Եթե այդ պահին ոսկեգույն մազերով մի երեխա մոտենա ձեզ, եթե ծիծաղի, չպատասխանի տրված հարցերին, անմիջապես գուշակեք՝ ով է: Այդ դեպքում, բարի՛ եղեք, մի՛ թողեք, որ տխրությունը շարունակի ինձ տանջել: Իսկույն գրե՛ք, հայտնե՛ք, որ նա վերադարձել է»: Ուսուցչուհին, ամփոփելով դասը, պատգամեց աշակերտներին հիշել Էքզյուպերիի խնդրանքը և կյանքում միշտ բարին գործել՝ չթողնելով, որ տխրությունը տանջի մարդկանց…

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: