Նորություններ

Սովորելը պետք է լինի հաճելի սովորություն

Ուշագրավ 2016-02-03

Մի շարք հոգեբանական գրքեր հեղինակած ամերիկացի Գրեթխեն Ռուբինը, անդրադառնալով սովորություններին և դրանց ուժին, առանձնացրել է մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով, կարելի է սովորելը, ուսուցումը վերածել սովորության:
Որոշեք, թե ինչ եք ցանկանում սովորել
 
1. Ժամանակ գտեք մտածելու 
 
Մենք բոլորս տարբեր ենք: Ինչ որ մեկի համար խորն ու մանրամասն մտածելը կարող է պահանջել ընդամենը մի քանի ժամ ողջ շաբաթվա ընթացքում, մյուսի համար բավական է ընդամենը մեկ օրը, իսկ երրորդը կարիք չունի անգամ մտածելու: Ինչպիսինն էլ որ լինեք, միևնույնն է, ժամանակ գտեք մտածելու համար:
 
2. Ժամանակ գտեք մտածելու դետալների շուրջ
 
Հաճախ փորձելով հնարավորինս արագ իրականացնել մեր մտքում ծագածը՝ մենք ծանրաբեռնում ենք մեր միտքն ու մոռանում փոքր, սակայն կարևոր դետալների մասին: Անհրաժեշտ է, որպեսզի պարբերաբար անդրադառնանք աննկատ թվացող, սակայն էական անցումներին ու մանրամասնություններին, որոնք կարելի է իրագործել շատ արագ և հեշտ:
 
Դարձրեք սովորելը սովորություն
 
1. Որոշակիացրեք նպատակը
 
Ձեր նպատակին տվեք հստակ, համակարգված և կառավարվող գործողության ձև, օրինակ՝ «ամեն ամիս պետք է մասնակցեմ ինձ հետաքրքրող թեմաներով գիտաժողովների» կամ «տարվա ընթացքում պետք է կարդամ 35 մասնագիտական գիրք» և այլն:
 
2. Վերահսկեք ձեր սովորությունները
 
Վերահսկողությունն ունի մեզ «կառավարելու» արտասովոր մեծ ուժ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ պարզապես կառավարելով մեր վարքը, մենք սկսում ենք անհրաժեշտ աշխատանքները կատարել առավել արդյունավետ: Հետևեք, թե ինչպես է գործում նոր սովորույթը, ինչն էլ կօգնի շարժվել ճիշտ ուղղությամբ:
 
3. Կազմեք ձեր սովորության գրաֆիկը
 
Մեր նպատակները, իհարկե, կարևոր են, սակայն դրանց կատարման համար մենք սովորաբար հստակ ժամանակ չենք առանձնացնում՝ այդպիսով ձգձգելով դրանց իրագործումը: Այդ իսկ պատճառով էլ կարևոր է առանձնացնել սովորելու համար նախատեսված հստակ ժամանակ:
 
4. Մի ձգձգեք
 
Աշխատանքի կատարումը «ականջի ետև գցել» չի կարելի. եթե դուք պլանավորել եք որոշակի աշխատանք կատարել որոշակի ժամանակահատվածում, ապա անհապաղ անցեք այդ աշխատանքի իրագործմանը:
 
5. Շփվեք ձեզ մոտիվացնող մարդկանց հետ
 
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք փոխառում ենք սովորություններ մեզ շրջապատող մարդկանցից: Հետևաբար անհրաժեշտ է ճիշտ կատարել շրջապատի և ընկերների ընտրությունը: Եթե գիտեք, որ ձեր ընկերներից, կոլեգաներից շատերը կարողացել են սովորելը վերածել սովորության, ապա աշխատեք երկար ժամանակ անցկացնել՝ հաղորդակցվելով նրանց հետ:
 
Նյութի թարգմանությունը՝ Dasaran-ի խմբագրակազմ
Բնագիրը՝ Harvard Business Review (Hbr.org)

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: