Նորություններ

«Սիրելու համար նախ ճանաչենք»

Կրթական 2015-10-21

Շարունակվում են «Սիրելու համար նախ ճանաչենք» խորագրով դասերը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում։ Տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ բացօթյա դասն այս անգամ անցկացվեց Լոռու մարզում: Վանաձորի Ստ. Զորյանի տուն-թանգարանում աշխույժ հարցազրույց ծավալվեց երեխաների և էքսկուրսավարի միջև, որի շնորհիվ աշակերտները լրացրեցին իրենց գիտելիքները Ս. Զորյանի կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ: Այնուհետև Լոռու բերդում ստեղծվեց միջառարկայական կապ գրականության և պատմության միջև, երբ բերդի ստեղծման պատմությունը ներկայացնելիս հիշվեց Դավիթ Անհողինը: Ուշագրավ էին աշակերտների դատողությունները բերդի, եկեղեցու կառուցվածքի վերաբերյալ, հետաքրքրվածությունը տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսական աշխարհի նկատմամբ: Խիստ տպավորիչ էր Հնեվանքը նաև տեղանքի փոքր-ինչ դժվարամատչելիությամբ, որը մասնակիցները հաղթահարեցին խանդավառությամբ և նույն ոգևորությամբ էլ միմյանց հաղորդեցին վանքի մասին իրենց տեղեկությունները: Էքսկուրսիան ավարտվեց Ստեփանավանի Դենդրոպարկում, որտեղ ծառերի մոտ կանգ առնելով և ընթերցելով՝ աշակերտները համադրում էին իրենց գիտելիքները կենսաբանությունից: Ուրախալի է, որ երեխաները գնահատում են ոչ միայն ձեռակերտ հուշարձանները, այլև բնության հրաշալիքները: Նրանց ուշադրությունը գրավում էին և՛ աշնանային մոգական գուներանգները, և՛ գետակները՝ իրենց ոլորահոս հունով, և՛ վեր հառնող ժայռերի քարակերտվածքը: Լոռու բերդում հայրենազգացողության բուռն ոգեշնչումից ինքնաբուխ թափ առան ազգագրական պարերն ու հայրենասիրական երգերը: Տունդարձի ճանապարհին աշակերտները նշեցին, որ տեսածն ու զգացածը ոչ միայն ամբարվում են իբրև անկողոպտելի հարստություն, այլև այսօրինակ համակցված բացօթյա դասերը գրավականն են հայրենի աշխարհի ճանաչման և ակունքն այն իրապես սիրելու, պահպանելու և այնտեղից երբեք չհեռանալու:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: