Նորություններ

Գիտելիքի օրն Ագարակում

Կրթական 2015-09-15

Հնամենի Ագարակում մի գեղեցիկ ավանդույթ կա՝ մեծ շուքով տոնել Գիտելիքի օրը: Հիշարժան մի օր, որով մեկնարկում է նոր ուսումնական տարին: Եվ կրթության մշակներն անմնացորդ նվիրումով սկսում են ծառայել մատաղ սերնդի կրթության և դաստարակության վսեմ գործին՝ ամեն ինչ անելով, որ երեխաների՝ դպրոց այցելած ամեն մի օրը տոն դառնա, և երեխան տուն դառնա՝ գիտելիքների որոշակի պաշար ամբարած:
Ամառային երկարատև արձակուրդից հետո երեխաների վերադարձը մեծ շուքով է նշվում: Տոնական տեսք ունեին բոլորը: Ասմունք, երգ, պար, շնորհավորանքների տարափ էր դպրոցի բակում: Դպրոցի տնօրեն Լորետա Մարգարյանն առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ շնորհավորեց ամենակրտսեր սաներին, ովքեր առաջին անգամ ոտք դրեցին մի զարմանահրաշ աշխարհ, որը կդառնա անմոռանալի, հոգեհարազատ ու սիրելի մի վայր իրենց համար:
 
Միջոցառմանը ներկա էր Ագարակի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը, ով իր հետ բերել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ մաղթելով, որ Տիրոջ աստվածային ամենաառատ սերն ու շնորհները թևածեն դպրոցներում:
 
Միջոցառմանը ներկա էր Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչ Կարեն Սուքիասյանը, ով բարձրաձայն ընթերցեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը, որում ասվում էր, որ միայն մեր ամենօրյա և հետևողական աշխատանքով ու պետության և երկրի նախագահի հոգածությամբ ու գործուն աջակցությամբ կարող ենք հասնել հաջողությունների:
 
Գյուղապետ Վահան Խաչատրյանի համար կրկնակի տոն էր. առաջին դասարան էր հաճախել նրա թոռնիկը: Նա ևս ջերմորեն շնորհավորեց ներկաներին և խոստացավ յուրաքանչյուր հարցում աջակցել դպրոցին: Միջոցառման ավարտին տնօրեն Լ. Մարգարյանը նախորդ ուսումնական տարում բարձր առաջադիմությամբ փայլող աշակերտներին պարգևատրեց ՀՀ ԿԳՆ գովասանագրերով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: