Նորություններ

Անցկացվել է ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը

Կրթական 2015-07-03

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2015 թ. ընդունելության առաջին փուլի նախնական արդյունքների ներկայացում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի քննարկում, քաղաքացիների դիմում-բողոքների քննարկում և ընթացիկ այլ հարցեր:

Նախարարի գնահատմամբ կենտրոնացված քննությունների հիմնական փուլն անցել է կազմակարպված և բոլոր նախադրյալներն առկա են հուլիսի 3-ից մեկնարկող լրացուցիչ փուլի քննությունները նույնպես բարձր մակարդակով կազմեկերպելու համար:
 
Անդրադառնալով քննությունների վերաբերյալ ստացված դիմում-բողոքներին՝ նախարարը հանձնարարել է բոլոր դեպքերն առանձին ուսումնասիրել, ապահովել օբյեկտիվությունը և ներկայացնել համապատասխան եզրակացություն:
 
Այնուհետև Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է 2015 թ. ընդունելության նախնական արդյունքները` հունիսի 2-23-ը տեղի ունեցած ընդունելության միասնական քնությունները կազմակերպելու համար  հանրապետությունում ձևավորվել է 34 քննական կենտրոն, որից 10-ը Երևանում, մնացածը մարզերում:
 
Քննական բոլոր կենտրոններում տեղադրված են եղել տեսախցիկներ և քննություններն ամբողջությամբ նկարահանվել են: Քննությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներին մասնակցել է 360 ԳԹԿ ներկայացուցիչ, 386 կազմակերպիչ և 101 օպերատոր:
 
Առաջին փուլի ընդունելության հայտ է ներկայացրել 11803 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից 500-ով պակաս է: Անդրադառնալով միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում հաղթած դիմորդների բարձրագույն կրթություն ստանալու արտոնությանը՝ նախարարը նշել է, որ ԿԳՆ-ն պատրաստվում է դիմել կառավարությանը՝ պահուստային տեղերի վարաբաշխում կատարելու նպատակով: 
 
Հաշվի առնելով Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման դինամիկ տեմպը՝ ՀՀ բուհերն արդեն ունեն նաև դիմորդներ միջազգային դպրոցների շրջանավարտներից:
 
Հիմք ընդունելով կանոնակարգերի տարբերությունները՝ հանրապետական ընդունող հանձնաժողովը ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ որոշել է թույլատրել նման շրջանավարտներին մասնակցել ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին ավարտական փաստաթղթերն ավելի ուշ ներկայացնելու պայմանով:
 
Նիստի ավարտին հանարապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել ավարտական վկայականների՝ ատեստատների բուհեր ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել սույն թվականի հուլիսի 10-ը ներառյալ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: