Նորություններ

Դպրոց-թանգարան կապն ամրապնդող նոր ծրագիր

Կրթական 2015-03-25

Դպրոց-թանգարան կապի ամրապնդմանն ուղղված նոր նախաձեռնության շրջանակում աշխատանքային հանդիպում են ունեցել «Dasaran» կրթական ծրագրի ղեկավար կազմը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Կրթական ծրագրի պատասխանատուները նախարարին են ներկայացրել Հայաստանի ազգային պատկերասրահի և Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ մեկուկես տարվա համագործակցության արդյունքը, ըստ որի՝ այդ ժամանակահատվածում շուրջ 2.100 աշակերտ է այցելել վերոնշյալ թանգարաններ, մասնակցել ինտերակտիվ շրջայցերի:

Իսկ մինչ այդ կայքում տեղադրված տեղեկատվությունը, լուսանկարները, ծանոթությունները նրանց հետաքրքրությունը շարժել են սկզբում առցանց աշխարհում, այնուհետև վերաճել թանգարաններ այցելելու ցանկության: Նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն է հայտնել ևս 21 թանգարան: Համագործակցության շրջանակներն ընդալնելու համար անհրաժեշտ է պաշտոնական փաստաթուղթ, որը կվավերացնի «Dasaran» կրթական ծրագրի ու հայաստանյան 2 տասնյակից ավելի թանգարանների համատեղ աշխատանքը: 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել դպրոցներում կրթամշակութային գիտելիքների նշաձողը բարձրացնելուն միտված նախաձեռնություններին: Նախարարը կրթական ծրագրի պատասխանատուներին առաջարկել է ներկայացնել ծրագրերի փաթեթը, որը կհստակեցնի՝ ինչ ձևաչափով են աշակերտները հաղորդակցվելու հայաստանյան թանգարաններին:
 
«Հետաքրքրաշարժ խաղեր, գիտամշակութային ձեռնարկումներ, արվեստների համադրում, օրինակ՝ երաժշտության ուղեկցությամբ շրջայցեր թանգարանների սրահներում, մատչելի մեկնաբանություններ, մրցույթներ… լավ կլիներ, որ այս ամենը ներառեիք ձեր ծրագրերում: Նոր սերնդի կապն արվեստի հետ պետք է շարունակական լինի, որպեսզի երեխան մշակույթի հետ շփման պահանջը մշտապես զգա:
 
Մեծահասկներիս վրա է դրված այդ պարտականությունը՝ արվեստը մատուցելու մատչելի, հետաքրքիր, գրավիչ միջոցներ գտնելը: Երեխան պետք է մտնի թանգարան այն համոզմունքով, որ իրեն այնտեղ կենդանի շփում և աշխույժ քննարկման հնարավորություն է տրվում»,-հանդիպման ժամանակ նկատել է Հասմիկ Պողոսյանը: «Dasaran» կրթական ծրագրի ղեկավարները և ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կենտրոնի պատասխանատուները նախարարի հետ պայմանավորվել են մոտ օրերս ստորագրել համապատասխան պայմանագիրը:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: