Նորություններ

«Միասին մենք ընտանիք ենք»

Կրթական 2015-01-27

Երկրի առաջընթացն ու բարօրությունը պայմանավորված են հասարակության շարժիչ ուժով՝ երիտասարդությամբ: Որքան կիրթ ու համակողմանիորեն զարգացած է երիտասարդությունը, այնքան հաստատուն է երկրի առաջընթացը: Կարևորելով երիտասարդ սերնդի դերը պետության կայացման գործում՝ «Dasaran» կրթական ծրագիրն իրականացնում է այնպիսի միջոցառումներ, մրցույթներ, որոնք նպաստում են ոչ միայն գրականությունից, պատմությունից, շրջակա միջավայրից, աշխարհագրությունից և մյուս առարկաներից ունեցած գիտելիքների հղկմանը, այլև ստեղծագործական մտքի և տաղանդի դրսևորմանը:
Այսպիսի նախաձեռնություններից մեկն էլ «Dasaran» կրթական ծրագրի և իր գործընկեր «NURCARD» կուտակային ծրագրի համատեղ իրականացրած «Պատանի նկարիչ» մրցույթն էր, որը հայտարարելու առաջին իսկ օրից ակներև էր աշակերտների մեծ հետաքրքրությունը և ոգևորվածությունը:
 
Մրցույթի շրջանակում անհրաժեշտ էր ստեղծագործել և ներկայացնել բացառապես ձեռքի աշխատանքներ «Միասին մենք ընտանիք ենք», «Միասին մենք ընկերներ ենք» և «Միասին մենք թիմ ենք» թեմաների շուրջ: Ավելի քան 5000 աշակերտի ներկայացրած աշխատանքներում վերարտադրված գունային պատկերացումները և մտքի թռիչքն աներևակայելի էին՝ ընտանեկան պատկերներ, լեռնային բարձունքը հաղթահարող ընկերներ, թիմային ոգու շնորհիվ բարեկամացած տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
 
Մրցույթում հաղթող ճանաչվեց ընդհանուր առմամբ 25 աշակերտ: Հաղթանակած աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 24-ին: Անհամբերությամբ և մեծ հուզմունքով իրենց անունների հրապարկմանը սպասող աշակերտներն արժանացան զանազան մրցանակների, այդ թվում՝ պլանշետների, հեռուստացույցների, նվագարկիչների, որոնք տրամադրել էր «NURCARD» կուտակային ծրագիրը:
 
Մրցույթի կազմակերպիչները նախատեսել էին նաև հատուկ անակնկալ «Միասին մենք թիմ ենք» թեմայի շրջանակում հաղթող ճանաչված աշակերտների համար: Վերջինները դարձան իրենց դպրոցների հերոսները՝ շահելով համակարգիչներ իրենց դպրոցների համար: 
 
«Dasaran» կրթական ծրագրի՝ աշակերտների ստեղծագործական միտքը խթանող և նրանց տաղանդի, ներուժի դրսևորմանը նպաստող նախաձեռնություններն ամենևին չեն սահմանափակվելու այս մրցույթով. հանրության կողմից կրթական ծրագրին հասցեագրված ջերմ խոսքերը և արձագանքը հզոր ազդակ են կյանքի կոչելու թարմ գաղափարներով հագեցած նորանոր մրցույթներ և միջոցառումներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: