Նորություններ

Հանդիպում համալսարանականների հետ

Կրթական 2014-12-18

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացել է դասախոսությամբ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնում: Նախարարն անդրադարձել է միջազգային քաղաքականության և տարածաշրջանային զարգացումներին, պատասխանել ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրների՝ փոխարժեքի տատանումների և ուսման վարձի չափերի կապին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական ծրագրերին և Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման խնդիրներին:

Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե բացասաբար չի՞ ազդում   փոխարժեքի տատանումը կրթության գործի կազմակերպման վրա, նախարարը նշել է, որ ցանկացած ոլորտում, այդ թվում նաև կրթության համակարգում ֆինանսական կայունությունը կարևոր նախապայման է. «Կոնկրետ ձեր պարագայում ուսման վարձերի փոփոխություն մինչև ուսումնառության ավարտը վստահաբար չի լինի: Գործող կարգի համաձայն՝ սովորելու ընթացքում վարձավճարի փոփոխություն չի կարող լինել:

Իսկ թե ինչպիսի քաղաքականություն կորդեգրեն բուհերը հետագայում, այս պահին դժվար է կանխատեսել, համենայն դեպս Կրթության և գիտության նախարարությունն իր կողմից բոլոր քայլերը կգործադրի, որ ուսման վարձի բարձրացում չլինի»,- նշել է նախարարը՝ հավելելով՝ «…բուհերը պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային միջոցների ներգրավման և միջազգային կապերի ոլորտում աշխատանքների ակտիվացման ուղղությամբ: Միջազգային դրամաշնորհային ծրագրերը, մասնավորապես՝ այս պահին ընթացքի մեջ գտնվող Էրազմուս+ ծրագիրը լավ հնարավորություններ են խոստանում բուհերին, եթե, իհարկե, նրանք կարողանան մրցունակ առաջարկներ ներկայացնել»: 
 
Հանդիպման ընթացքում ուսանողները նախարարին հարցեր  են ուղղել նաև Ցեղասպանության 100-րդ  տարելիցին ընդառաջ՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների, միջազգային հանրության ակնկալվող արձագանքի և Հայաստանի կողմից այդ ուղղությամբ որդեգրված պետական քաղաքականության մասին, ինչպես նաև հետաքրքրվել Բոլոնիայի գործընթացի, դիպլոմների փոխճանաչման, բուհն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման և  բազմաթիվ այլ խնդիրներով: 
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: