Նորություններ

Աղետները մեզ չեն վհատեցնի

Կրթական 2014-12-17

Երկիր մոլորակի առջև ծառացած հիմնախնդիրներից թերևս ամենակարևորը բնապահպանականն է: Այսօր որևէ վայր իր բնակչությամբ ապահովագրված չէ այս կամ այն աղետից, և հաճախ մարդիկ տուժում են անտեղյակ լինելու, չիմացության հետևանքով: Հայաստանը նույնպես զերծ չէ տարատեսակ աղետների հնարավոր «հարձակումներից» և բոլորիս գերխնդիրը այդ աղետների վերաբերյալ որոշակի գիտելիքներ ունենալն ու պատշաճ ձևով դրանց դիմակայելն է:

Այս մտահոգությամբ և գործի կարևորության գիտակցումով Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն Տ. Հովսեփյանի անմիջական աջակցությամբ 6-9-րդ դասարանների աշակերտների միջև կազմակերպվեց մրցույթ-վիկտորինա՝ «Աղետները մեզ չեն վհատեցնի» խորագրով: 

Պետք է նշել, որ մրցույթին նախորդել էին մասնակից աշակերտների և պարապող ուսուցիչների լուրջ նախապատրաստական աշխատանքները՝ ուղղված համապատասխան գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելուն, գեղարվեստական համարներ պատրաստելուն:
 
Մրցույթը և դրան նախորդող միջոցառումներն անց էին կացվում աղետների ռիսկի նվազեցման ծրագրի շրջանակներում: Նախօրոք դպրոցում անցկացվեց նկարչական մրցույթ 4-6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ, որի արդյունքում հաղթեցին 3 աշակերտ՝ Քալաշյան Լենա (4 «բ»), Հովսեփյան Վրեժ (5 «բ»), Հակոբյան Համլետ (6 «բ»): Բուն մրցույթը տեղի ունեցավ Վանաձորի սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում: Հանձնաժողովի կազմը բավականին ներկայացուցչական էր:
 
Հանձնաժողովի անդամներն էին դպրոցի տնօրեն Տ. Հովսեփյանը, Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանը, նույն ջոկատի հրամանատարի տեղակալ Վոլոդյա Դաղբաշյանը, Հայկական Կարմիր խաչի Լոռու մարզային մասնաճյուղի I-ն օգնության հրահանգիչ Վարդ Դանիելյանը, Հայկական Կարմիր խաչի Լոռու մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Վլադիմիր Ղարաջյանը, Գուգարաց թեմի սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:
 
Մրցույթին մասնակցում էին 6-9-րդ դասարանների հինգ թիմեր՝ «Կայծակ», «Ծովամրրիկ», «Տեղատարափ», «Փոթորիկ», «Կրակ»:  Մրցույթը բաղկաղած էր 4 փուլից՝ հարց ու պատասխան, գրական- գեղարվեստական, երաժշտական,  առաջին օգնություն:
 
Ամեն փուլից հետո հանձնաժողովի անդամները ներկայացնում էին իրենց գնահատականները՝ ուղղված թիմերին: Մրցույթի ավարտից հետո նրանք ներկայացրեցին արդյունքները: Խրախուսական մրցանակները նախատեսված էին բոլոր 5 թիմերի համար:
 
Առաջին տեղը գրավեց «Տեղատարափ» թիմը, որի ղեկավարն էր դպրոցի ուսուցչուհի Գայանե Հակոբյանը, երկրորդ տեղը՝ «Կրակ»-ը՝ ղեկավար Նաիրա Գաբրիելյան, երրորդ տեղը՝ «Փոթորիկ» թիմը՝ ղեկավար Սիրվարդ Հովհաննիսյան,  չորրորդ տեղը՝ «Կայծակ» թիմը՝ ղեկավար Արմինե Մկրտչյան, հինգերորդ տեղը՝ «Ծովամրրիկ» թիմը՝ ղեկավար Թեհմինե Աղազարյան: Մրցույթն անցավ անկաշկանդ, ուրախ, առողջ մրցակցային մթնոլորտում: Այն խիստ արդիական և ուսուցողական էր:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: