Նորություններ

Աջակցություն միջին մասնագիտական կրթության ոլորտին

Կրթական 2014-12-17

Ներկայացվել են 2007-2015թթ. ԵՄ աջակցությամբ ՀՀ ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացման արդյունքները: Ներկաների թվում են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ոլորտի մասնագետներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում ԵՄ-ն իրավամբ նախարարության կարևորագույն գործընկերն է՝ «Ոլորտներ կան, որտեղ ԵՄ աջակցությունը ճակատագրական է եղել այդ բնագավառի զարգացման համար: Միջին մասնագիտական կրթության ոլորտն անկախության ձեռքբերումից ի վեր վերագնահատման կարիք է ունեցել: 
 
2007 թվականից մեկնարկած բյուջետային աջակցության ծրագիրը հնարավորություն է ընձեռել Հայաստանին նոր որակի փոփոխություններ իրականացնել վերոնշյալ ոլորտում… Եթե չլիներ ԵՄ աջակցությունը, գուցե այլ նախաձեռնություններ ևս չլինեին…»,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ աջակցությունը ոլորտին կկրի շարունակական բնույթ:
 
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ 2014-15 թվականի բյուջետային աջակցության ծրագրով կվերանորոգվի հինգ քոլեջ, կիրականացվի վերազինման և ժամանակակից սարքավորումներով համալրման գործընթաց: 
 
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին կարևորել է աջակցությունը միջին մասնագիտական կրթության ոլորտին` կրթություն-աշխատաշուկա կապի, նոր ստանդարտների և չափորոշիչների ներմուծման տեսանկյունից` որպես օրինակ բերելով ԵՄ աջակցությամբ վերազինված 12 տարածաշրջանային քոլեջներ: 
 
Նշենք, որ Հայաստանը միացել է Եվրոպական հարևանության քաղաքականությունը կիսող երկրների խմբին 2004թ.-ին: Հայաստանի Հանրապետությանը բյուջետային աջակցությունը կազմել է 40 մլն եվրո 2007-2015թթ. ժամանակահատվածում: 
 
Նախատեսված էր ՄԿՈւ կառուցվածքը և բովանդակությունը տարրական մակարդակից հասցնել առաջավոր մակարդակի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Ծրագրի կարևոր տարրերից մեկը Հայաստանում ՄԿՈւ համակարգի բարելավումն էր: Այդ նպատակով ընտրվել է 12 փորձարարական քոլեջ, որոնք ստացել են համապատասխան աջակցություն:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: