Նորություններ

Ապագա օդաչուներ Սարգիսը, Դավիթը և Լևոնը

Ուշագրավ 2014-04-18

ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը տոնում է իր հիմնադրման 21-րդ տարեդարձը: ՀՀ ՊՆ համակարգում բարձրագույն ռազմական մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն է: Ինստիտուտի հիմնական խնդիրն ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով, բակալավրի աստիճանով սպաների պատրաստումն է:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քսանը հազիվ բոլորած ՌՈՒՀ-ի կուրսանտներ Սարգիսին, Դավիթին և Լևոնին: Նշենք նաև, որ տղաներն ընդամենը երրորդ օրն են թռչում:
 
ՍԱՐԳԻՍԸ
Նրա ընտանիքում օդաչուի մասնագիտություն ունեն Սարգսի հայրը` Արմենը, հորեղբայրները` Գևորգն ու Աշոտը, հորեղբոր կինը` Ալլան, նաև հորեղբոր որդին` Մովսեսը: Հարցին, թե ինչու են բոլորը օդաչուի մասնագիտությունն ընտրել, Սարգիսը կատակով պատասխանում է` «հավանաբար մեր երակներում արյան փոխարեն հեղուկ օդ է հոսում»: Հայրն ուղղաթիռի օդաչու է, Սարգիսն էլ կշարունակի նրա գործը, եթե բարեհաջող անցնի փորձաշրջանը: Մյուսներն ինքնաթիռ են վարում, ուստի երբ հավաքվում են ընթրիքի սեղանի շուրջ, պարտադիր վիճում են` որն է առավել` ինքնաթի՞ռը, թե՞ ուղղաթիռը. «Իմ և հորս հիմնական հակափաստարկն այն է, որ ուղղաթիռը կարող է վայրէջք կատարել անգամ փոքր մակերես ունեցող տարածության վրա, իսկ ինքնաթիռի համար վազքուղի է պետք: Ես ուղղաթիռ շատ եմ սիրում և անհամբեր սպասում էի թռիչքահրապարակ գալուն, ուղղաթիռի ղեկը բռնելուն: Մեկուկես տարի սպասել եմ թռիչքի օրվան, նախապատրաստվել, տասնյակներով գրքեր եմ կարդացել, որոշներն անգամ անգիր եմ արել: Դասախոսներն ասում էին՝ եթե գետնի վրա հինգի գիտես, օդում հազիվ երեք կստանաս: Առաջին թռիչքի ժամանակ համոզվեցի այդ խոսքերի ճշմարտացիությանը. պետք է միացնեի ուղղաթիռի շարժիչը, խառնվել էի իրար, չգիտեի՝ ինչ անել, փորձում էի վերհիշել անցածս, բայց՝ ապարդյուն: Հուզմունքը, լարվածությունը, վախը միահյուսվել էին: Հրահանգիչ, մայոր Կարեն Ղուկասյանը կողքիս էր, բայց ուղղաթիռի ղեկն ինձ էր վստահված: Նա, նկատելով իրարանցումս, ասաց. «Տեխնիկան կզգա վախդ և կսկսի կառավարել քեզ, պետք է ինքնավստահ լինես…»: Այս խոսքերը աչքերս բացեցին, ուղղաթիռը գետնից տասը մետր բարձրացրի, զրոյական դիրքում էր, համառորեն փորձում էի այն վեր հանել… Ստացվե~ց, - Սարգիսը ներշնչանքով, մի քիչ էլ հուզմունքով շարունակում է պատմել և զուգահեռաբար ինչ-որ բան է նկարում թղթի վրա: -Ճիշտ են փորձառու օդաչուները՝ մեր գործում ինքնավստահությունը և համարձակությունը որոշիչ որակներ են, կարևոր է նաև աշխատասիրությունը, պետք է ինքդ քո նկատմամբ պահանջկոտ լինես, չբավարարվես օրվա թռիչքով, հետևողականորեն հղկես շարժումներդ, ուղղես սխալներդ: Երբ ընդունվում ես ինստիտուտ, զրոյական դիրքում ես, այնուհետև սովորում ես, սովորում, սովորում և միանգամից օդ բարձրանում, մի շրջան տեղում դոփում ես, ապա ընտրություն կատարում՝ ջանասիրաբար աշխատել և վե՞ր բարձրանալ, թե քիչ աշխատել և բավարարվել եղածով… Եթե օդաչուն չի աշխատում, չի ձգտում, կատարելագործման պահանջ չունի, ուրեմն ձախողված մասնագետ է»:
 
ԴԱՎԻԹԸ
Դավիթ Յազջյանն ուղղաթիռ վարելը նմանեցնում է երաժշտական գործիք նվագելուն: Ասում է` ինչպես սխալ նվագած նոտան, այնպես էլ ուղղաթիռի ղեկի մոտ թույլ տված վրիպումը միանգամից կարելի է զգալ. «Ուղղաթիռը բավականին զգայուն է, երևի սա է պատճառը, որ ավիացիայում վատ բնավորությամբ մարդու չես հանդիպի: Ինձ ծանոթ թե՛ օդաչուները, թե՛ տեխնիկները բարեհոգի են, հավասարակշռված, փափուկ, հանդուրժող, մարդամոտ, ժպտերես»:
 
Մինչ ուղղաթիռ նստելը Դավիթը պարաշյուտով բազում թռիչքներ է կատարել, ծանոթացել երկնքին, զգացել ճախրանքի հաճույքը. «Հայրս (ավիացիոն տեխնիկայի ավագ ինժեներ, գնդապետ Սերգեյ Յազջյան) ինձ միշտ ասում է, որ երկինքն ընդունակ է մաքրագործելու մարդուն, ձերբազատելու արատներից ու թերություններից, որ երկինքը քաջության և ուժի խորհրդանիշ է: Նա միշտ հիացմունքով ու մեծ ոգևորվածությամբ է խոսում իր գործից, ուղղաթիռից, թռիչքից ու թեև մասնագիտության ընտրության հարցում չի ուղղորդել ինձ ու եղբայրներիս, վստահ եմ` հոգու խորքում երազել է, որ երեք որդիներից գոնե մեկը ռազմական օդաչու դառնա: Երեքս էլ նման ցանկություն ունեինք, բայց միայն իմ առողջականն է թույլ տվել ընտրել ռազմական օդաչուի մասնագիտությունը: Օդաչուն պետք է գերազանց տեսողություն ունենա, ֆիզիկապես լավ պատրաստված լինի, կարևոր է նաև սրտի աշխատանքը. զարկերի քանակը պետք է լինի 70-80, արյան ճնշումը` 110-120»:
 
Մեր զրույցն ընդհատում է թռիչքի պատասխանատուի ձայնը. նա Դավիթին զգուշացնում է, որ պատրաստվի` շուտով նորից է թռչելու: «Հաջողություն մաղթեք ինձ: Ընդամենն ինը թռիչքային ժամի հնարավորություն ունեմ, պետք է արդարացնեմ ոչ միայն հորս սպասելիքները, այլև սիրելիիս` Գոհարի: Ի դեպ, նրա հայրն էլ է օդաչու և առայժմ դեմ է մեր ընկերությանը, կարծում եմ` եթե հաջողությամբ հաղթահարեմ փորձաշրջանը և դուրս չմնամ, թույլ կտա հանդիպելու դստեր հետ…»: Բարի թռիչք, փափուկ վայրէջք…
 
ԼԵՎՈՆԸ
Թռիչքահրապարակին կից մի տաղավար կար: Լևոն Մելիքյանն այնտեղ էր: Նա ձեռքում պահել էր փայտե հարմարանք և նրբորեն ջանում էր մետաղական փոքրիկ գնդիկը կենտրոնացնել սկավառակի կենտրոնում: Լևոնը բացատրեց, որ գնդիկը սկավառակի կենտրոնում կենտրոնացնելու համար շարժումները պետք է կանոնավորված լինեն, միլիմետրի ճշգրտությամբ հաշվարկված. «Օդաչուն շարժումների նույն տեխնիկան է կիրառում, երբ նա օդում է: Եթե մի փոքր շեղվի, ուղղաթիռը դուրս կգա վերահսկողությունից, ինչպես գնդիկը»: Լևոնը պատմում է, որ ինստիտուտում համապատասխան վարժասարքով պարապելիս իրեն թվում էր, թե արդեն օդաչու է, բայց երբ երկինք բարձրացավ, հասկացավ՝ սխալվել է. «Թռիչքից առաջ նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել՝ գծագրել ենք երթուղին, ճշտել բոլոր հանգամանքները: Ես նախ մտովի եմ թռել. աչքերս փակել եմ և պատկերացրել ամեն շինությունը, ուղղաթիռի կառավարման աստիճանը, արագությունը: Բայց երկնքում այլ էին թե՛ երկրի չափագրությունը, թե՛ զգացողություններս, անգամ երկնքի գույնն էր ուրիշ…»:
 
Լևոնը նշում է, որ ուզում է հետագայում թռչել ՄԻ-8 տրանսպորտային-մարտական ուղղաթիռով, քանի որ հայրը՝ Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական օդաչու Մելիք Մելիքյանը, ժամանակին այդ ուղղաթիռով լռեցրել է թշնամու կրակակետերը, զենք ու զինամթերք հասցրել պատերազմի դաշտ, վիրավորներ տեղափոխել. «Իմ երազանքն է, որ մեր ռազմաօդային ուժերը համալրվեն ՄԻ-28 և ՄԻ-35 ուղղաթիռներով, այդ դեպքում գուցե միտքս փոխեմ…»:
 
Աղբյուրը՝ www.hayzinvor.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: